«Մի շտապի՛ր ծերություն »
«Իսկ ո՞վ է ասել,թե անձրևը լաց է,երկինքը՝տխու՜ր,կարոտ
է լալիս…ո՞վ է ասել անձրևից հետո երկինքը թաց է,իսկ դուք փորձե՞լ եք դիպչել երկնքին։Իսկ
ո՞վ է ասել,թե գարունները կանցնեն կգնան,չեն վերադառնա,ապա ինչու՞ եք ամեն ձմեռից հետո
գարնանը սպասում…Իսկ ո՞վ է ասել,թե ծերությունը կյանքի ավարտն է,ապա ինչու՞ եք հավերժությանը
այդպես հավատում»։
—————
«Մի շտապի՛ր ծերություն »
Աշուն էր,խո՜ր աշուն։Ոսկեծամ թագուհին հրաժեշտ էր տալիս
իր այգիներին,վերջին անգամ փարվելով հողին,նրանից մի վերջին համբույր էր կորզում և
մի բուռ կարոտ իր հետ վերցնելով հեռանում.Սանձարձակ քամին սուլում էր և իր սառը մատները
խառնում երկնի վարսերին,շոյում նրա տապից քրտնած մարմինը .Ծովաչյա գեղեցկուհին հալվում
էր սիրածի ծոցում և սկսում անձրևել…Աշունն հերթական անգամ իր մահերգն էր երգում ։Դաշտ
ու փողոց ծածկվեցին ձյան ճերմակ սավանով,ննջեց բնությունը,ծառերը իրենց ծերությունն
էին վայելում.Երկնային կապույտը խառնվել էր երկրային ճերմակին և խոնարհվում էին սառցե
տիրակալի առջև։Տուն էի վերադառնում ,ձյան փաթիլները դանդաղ իջնում էին և նստում թարթիչներիս,հալչում
այնտեղ ,գլորվում ցրտից սառած կարմիր այտերիս և անմահանում ծակոտկիներումս։Քամին իր
մատներն էր խառնում սև գանգուրներիս և նրանց ձուլում օդում պար եկող տերևներին։Մատներս
սառել էին,թվում էր այլևս չեմ կարողանա շարժել նրանց։Ոտքերս այնպես էին թրջվել,որ թվում
էր թե օվկիան եմ կտրել անցել։Վերջապես մշուշի միջից տեսանելի դարձան հարազատ ճյուղեր,պապիս
տնկած խնձորենու ճյուղերն էին,որոնք ձյան հաստ շերտերին չդիմանալով,իրենց գլուխներն
էին խոնարհել քամու առջև։Հասնելով դռանը,սկսեցի ուժգին հարվածել,խեղճ տատս վաղեցած
և սփրթնած դեմքով բաց արեց դուռը և տեսնելով ինձ,ոտքից գլուխ ձյան մեջ,ձայն տվեց պապիս.՝
-Պողո՜ս,ա՜յ Պողոս,շուտ եկ այ մարդ,-նայում էր ինձ և
ծիծաղում,իսկ ես հիմարի պես կանգնել և չէի հասկանում,թե ինչու է տատս ծիծաղում ,քան
թե շուտ ներս թողնի,ահա պապս էլ միացավ նրան և սկսեցին երկուսով ծիծաղել.՝
-Գու՞ցե բացատրեք ինչու՞ եք ծիծաղում,ի դեպ ,եթե չեք
նկատել թրջվել եմ և շատ եմ մրսում։
–Գոհար,այ կին,չմեռանք կենդանի ձնեմարդ էլ տեսանք,–ասաց
պապս ու սկսեց բարձր ծիծաղել,դեռ չհասկանալով,թե ինչումն է բանը,դժգոհ դեմքով ներս
մտա,անցա երկար միջանցքով,որի գետինը փայտից էր,պապս էր պատրաստել,տեղ–տեղ անգամ գեղեցիկ
նախշեր կային,հասա ննջասենյակ,միա ներս,որպեսզի արագ շորերս հանեմ,պատին,դռան դեմ դիմաց
մեծ հայելի կար դրված,աչքս ընկավ հայելուն և տեսնելով ինձ այնտեղ,վերջապես հասկացա
,թե ինչու էին ծերուկներս այդպես ծիծաղում,ոտքից գլուխ թաց էի,թարթիչներս սառած,անգամ
սառցե կտորներ կային վրաները,վարսերիս ձյան փաթիլներ,այտերս ալ կարմիր,քիթս կարծես
բազուկ լիներ,իսկական ձնեմարդ էի,ինձ տեսնելով հայելու այն կողմում ես էլ սկսեցի ծիծաղել։Արագ
փոխվեցի և անցա հյուրասենյակ,որտեղ ինձ արդեն համեղ թխվածքաբլիթներն ու հասմիկ ծաղիկով
թեյն էր սպասվում,իմ ամենասիրելի թեյն էր,շա՜տ համեղ է,իսկ ինչպես է բուրու՜մ։Նայում
էի ծերուկներիս ու ընկնում երազանքների գիրկը,պատկերացնում էի ինձ տարիներ անց կնճռոտված
դեմքով,ճերմակ վարսերով,որոնք տատիս պես խնամքով կթաքցնեմ գեղեցիկ ծաղկանախշերով պատված
գլխաշորի տակ,կոշտացած ձեռքերով,մատներս խաչված ծերուկիս մատներին,նա էլ պապիս պես
մեջքս կգրկի,որ հանկարծ չմրսեմ և անընդհատ կնայի աչքերիս ,այնպես,ինչպես պապս է նայում
տատիս,երիտասարդ գլուխը կորցրաց սիրահարի աչքերով,և կհամբուրի կնճիռներով պատված ճակատս…
Անցնում էին ամիսները,մոտենում էր գարունը. Գարու՜ն…
տեղ–տեղ երևացող ձյունն արևի բարկ համբույրից լալիս էր և իջնում դաշտերի վրա։Հրակարմիր
արեգակի ոսկեզօծ սկավառակը զարմացնում էր մայրացած հողին։Ղողանջում էր գարունը,զարթնում
նիրհած բնությունը։Շուտով կրկին երկնի կապույտում արևը կշողա` ջերմացնելով թաց հողը,որտեղ
ձյան մարգարտյա փաթիլների հետ երկար ժամանակ սեր անելուց հետո ննջել էին կապուտաչյա
ծաղիկները։ Ծաղկել էին խնձորենիները,պապիս այգին նմանվել էր դրախտավայրի,կարծես մի
թանկարժեք կտավ լիներ։Տատս այնպես էր խնամում ծառ ու ծաղիկները,կարծես իր երեխաներին
խնամելիս լիներ,խոսում էր նրանց հետ և ամենազարմանալին այն էր,որ կարծես ծառերն ու
ծաղիկները լսում էին տատիս։Այդ գարունը տատիս վերջին գարունն էր,մահվան առավոտը,տատս
մտել էր այգին և ժամերով խոսում էր իր բնության հրաշալիքների հետ(երևի կարոտն էր առնում
և հրաժեշտ տալիս),այդ առավոտ ես նկատեցի,թե ինչպես էր նա թաքուն լաց լինում ,արագ սրբում
էր թաշկինակով արցունքները,որ չնկատենք,երբ հարցրի նրան,թե ինչու՞ է լած լինում,ասաց.՝
–Լաց չի բալես,ծերություն է,սա էլ կանցնի…
Տատս մահացավ…Նրա այգում մեռելային լռություն էր,այգին
չէր բուրում,նրա հետ մեռավ բնությունը,նա տարավ իր հետ իր սիրելի այգու բույրը։Այդ
օրը երկինքը այնքա՜ն պարզ էր,ջինջ և արևոտ,պապս նայեց երկնքին,ժպտաց,կրթքին սեղմեց
տատիս թաշկինակը և շրջվելով դեպի ինձ ասաց.՝
–Անու՜շս,իմ քաղցր բալա,տատիդ թաշկինակն է,պետք է խնամքով
պահեմ,թե չէ ,գիտե՞ս ,կբարկանա նախշունս,էս թաշկինակի մեջ իր բույրն է ,մատների բույրն
է բալես,տես ժպտում է նախշունս,–մատով ցույց տվեց արևին,որը սովորականից ուժեղ էր այրում
և կարոտ արտաշնչելով շարունակեց,–իրեն լավ է զգում իմ սիրունը,լավ կզգա,բա ինչ կանի,բիձուն
անտեր թողեց,գնաց մենակ վայելի մեր դրախտը,–ավարտելով խոսլը,ձեռքերով հարվածեց ծնկներին
և թաց աչքերով նայեց արևին։
–Պապի,զարմանալի է,այսօր անձրև էր սպասվում,բայց արև
է ,այն էլ այսքան ուժգին և ջերմ,–փորձեցի շեղել պապիս,նա ժպիտով նայեց ինձ ,հետո երկնքին
և պատասխանեց՝
–Այն օրը ,երբ տատիդ ու ես կհանդիպենք ,այդ օրն էլ անձրև
կգա բալես,իսկ մինչև այդ արև է լինելու։
–Այսի՞նքն պապի, –չհասկանալով,թե պապս ինչ նկատի ուներ,հարցրի
ես։
–Բալես,երբ սիրահարները երկար բաժանումից հետո հանդիպում
են,ի՞նչ են անում, –ծիծաղելով շարունակեց նա։
–Դե՜,զրուցում են,գրկախառնվում,–անկախ ինձանից շփոթվեցի
պապիս տված հարցից ,իսկ նա նայեց ինձ և ծիծաղելով պատասխանեց
–Դեռ ջահել ես անուշս,չես հասկանում,այ ,երբ կսիրես
և սիրածդ երկար բաժանումից հետո մոտդ կգա,աչ,այդ ժամանակ էլ կհասկանաս,թե ինչ են անում,հիմա
գնա մի բաժակ ջուպ բեր,կոկորդս չորացավ։
Այդպես էլ չհասկանալով պապիս,գնածի ջուր բերելու։Տատիս
մահվանից մի քանի շաբաթ անց մահացավ պապս,մեզ համար շատ անսպասելի,քնեց և այլևս չարթնացավ,պապիս
երեսին ժպիտ կար,երևի երազին տատիս էր տեսել,տատիս թաշկինակն էլ ամուր սեղմած էր ափի
մեջ։Տատիս մահվանից հետո,ինչպես պապս էր ասել անձրև չեկավ այդպես էլ,իսկ նրա մահվան
օրը,երկինքը անդադար անձրևեց։Այդ օրը ես հասկացա,թե պապս ինչ նկատի ուներ ասելով,որ
անձրև կգա միայն այն օրը,երբ ինքն ու տատին հանդիպեն։Ես հասկացա ,որ երկինքը տխուր
չի լինում,որ անձրևը դա լաց չէ,այլ երկու խենթ սիրահարների կարոտից ծնված տաք սիրո
նեկտարն է։Հասկացա նաև,որ ծերությունը դա կյանքի ավարտը չէ,այլ մի նոր հավերժության՝հավերժ
գարունների սկիզբը…
Երա՜նի ես էլ այդպես ծերանամ…
Անի Հերունի Սաջյան
<<Ծերունու օրագիրը»
«Զրույց կարոտի հետ»
2013 Թվականն էր,մարտ ամիսը:Գարնանային մի անձրևոտ օր:Անձրևի
կաթիլները մեղմ նստել էին ծաղիկների վրա:Նայելով այդ չքնաղագեղ ծաղիկներին,մի պահ թվում
էր ,թե իմ առջև մարգարտյա ապարանջաններով զարդարված չքնաղ օրիորդներ են կանգնած,ովքեր
խոնարհել են իրենց կուսական հայացքները երկնքի խոժոռ հայացքի դեմ:Սանձարձակ քամին շուրջ
պար էր բռնել ծառերից պոկված տերևների հետ:Վերջապես արև:Արևի մեղմ շողերը ճառագայթվել
էին թաց հողի վրա:Տեղ–տեղ թաց հողի տակից ծիկրակում էին հարսնազգեստ հագած ձնծաղիկները:Գարունն
իր գույներով էր ներկել ամեն բակ ու շենք,իսկ այգիներին նայելով կարող էիր ասել `Օ~
Աստված իմ ,միթե՞ ծիածանն այսքան բազմագույն է:Գարունն իր հետ սեր էր բերել ,ափսոս
քչերն Էին նրան համտեսում,ով էլ համտեսում էր ավելին էր ուզում:
Երևան,2013 թվական:Անցնելով Երևանի փողոցներով ակամա
մանկությունս հիշեցի:Որքա՜ն եմ քեզ կարոտել մանկություն:Ամեն անգամ զբոսնելով այս փողոցներով
հիշում ու կարոտում եմ քեզ,մեր խաղերը,այն այգին,որտեղ առաջին անգամ ճանաչեցի քեզ,հիշու՞մ
ես,մայրիկիս հետ էի,դեռ նոր –նոր էի սկսում քայլել,մորս շորի փեշերից ամուր բռնվել
էի,վախենում էի կորցնել նրան ,հիշո՞ւմ ես այդ ժամանակ առաջին անգամ սկսեցի խոսել ՝մորս
կանչեցի ,երբ մի քանի քայլ անելուց հետո վայր էի ընկել:Իսկ հիշու՞մ ես ,երբ նեղացել
էի մայրիկիցս,նա երբեք չէր պատմում հորիցս,իսկ ես շատ էի ուզում իմանալ այն պատճառը
ինչի համար նա մեզ մենակ էր թողել:Գիտե՞ս,իմացա վերջապես,մայրս մեռնելուց առաջ ասեց,խեղճ
մորս կյանքի վերջին րոպեներին էլ տանջեցի իմ հարցերով:Մայրս,մա՜յրս,հիշու՞մ ես ինչ
քնքուշ,ինչ լավն էր մայրս:Մինչև հիմա դեռ հիշում եմ այն հոտը ,այն գալիս էր խոհանոցից
,մորս պատրաստած խմորեղեններից:Ա՜խ,մամ ջան շատ եմ կարոտել քո պատրաստած խմորեղեններին,քո
թփով դոլմային,նույնիսկ քո բրնձով ապուրը,որը ես տանել չէի կարողանում:Գիտե՞ս մամ ջան
հիմա եմ հասկանում, թե ինչի համար էիր ինձ նախատում,երբ ուշ էի գալիս տուն,որովհետև
առանց այն էլ այս անիծված կյանքն այնքան կարճ է սիրելիներիդ հետ ժամանակ անցկացնելու
համար,իսկ մեզ բաժին հասած ճակատագիրն այնքան դառն էր ու նողկալի,որ ամեն վայրկյանն
անգամ թանկ էր մեզ համար,իսկ ես այդքանը չհասկանալով կորցրեցի այդ նողկալի ճակատագրի
մի փոքրիկ,բայց և լավ մասնիկը,որը կարող էի քեզ հետ անցկացնել,ես նախընտրեցի ընկերներիս՝քո
փոխարեն,տաք սրճարաններն ու ակումները՝ցուրտ,բայց քո ջերմությամբ լցված մեր փոքրիկ
տան փոխարեն,դրսի ուտեստը,որն այն ժամանակ ինձ այնքան համեղ էր թվում,բայց հիմա եմ
հասկանում,որ դրանք անհամ ու զիբիլով էին լցված ,ես այդ աղբը փոխում էի քո համեղ ճաշերի
հետ,որոնք դու ինքդ չէիր ուտում ,քաղցած էիր մնում մամ ջան,որ ես ուտեի,իսկ ես անշնորհակալի
պես չէի ուտում և դու ստիպված էիր լինում դրանք թափել ,քանի որ այնքան երկար էին մնում
,որ փչանում էին:
Ա՜խ,մանկություն ,երևի հիմա մի լավ հայոյում ես ինձ
անցյալում գործած մեղքերիս համար։Գիտե՞ս ուզում եմ քեզ կյանքս պատմել,դու այն չես տեսել,մենք
իրարից շատ վաղ բաժանվեցինք,ես շուտ մեծացա ,կյանքն ինձ զրկեց քեզ լիովին համտեսելուց,ճակատագիրն
ինձ իմ ձեռքով գլորեց դեպի անդունդը,խաղատներն ինձ ձգեցին ու ես մոռացա և՛ քեզ,և՛ մորս
և անգամ ինձ ու իմ պատիվը:
Այն ժամ դեռ տասներկու տարեկան էի ,երբ առաջին անգամ
բախվեցի կյանքի այդ զզվելի ճանապարհի հետ,փորձեցի շրջանցել ,ետ գնալ,բայց չկարողացա
հարստությունն ու նրան խոզի պես անկուշտ ուտողները ինձ դեպի իրենց ձգեցին:Ես էլ նրանց
պես սկսեցի աղբի մեջ թաթախվել,և նրանց պես այն սիրեցի:Մորս փոխեցի մի խոզի հետ,ով ողջ
կյանքս խորտակեց:Սկսեցի նրա մոտ աշխատել,մի պաշտոնյա էր,սատկացրին հենց իր այդքան սիրած
աղբի համար,ինչևէ,սկսեցի աշխատել,մուրացկանությամբ էի զբաղվում և ողջ հավաքածս գումարը
տալիս նրան,որից մի փոքր մաս ստանում էի,բայց հետագայում իհարկե իրենց բնորոշ ստի պես,խաբեց,սկսեց
ոչինչ չտալ և ստիպել,որ գողություն էլ անեմ:
Հիշում եմ՝դուռը բաց էր,մտնելով ներս,տեսա,որ հյուրասենյակը
դատարկ է,ձայն տվի,չպատասխանեցին,լսեցի,որ ննջասենյակից ձայներ են գալիս,քայլերս արագացնելով
գնացի ձայնի ուղությամբ,ննջասենյակի դուռը կիսաբաց էր,այնտեղից այդ ժամանակ տարիքիս
անհասկանալի ձայներ էին գալիս,կամաց մոտեցա դռանը և սկսեցի թաքուն նայել,բայց դեռ չհասցրած
ոչինչ տեսնել մի խռպոտ ձայն լսեցի ներսից.`
-Նե՛րս մտի,
Դանդաղ դուռը բաց անելով ներս մտա և տեղում քարացա,այդ
խոզը անկողնում մի մերկ,շիկահեր աղջկա հետ էր պառկած,մինչ օրս հիշում եմ այդ աղջկա
աչքերը,ականջներիս մեջ դեռ զրնգում է նրա հռհռոցի ձայնը:Նրանք ծիծաղում էին ինձ վրա,ես
ամոթից աչքերս խոնարհել էի ,որ չտեսնեի այդ զզվելի տեսարանը:Էդ խոզն ինձ մոտ կանչեց,մոտեցա,խփեց
վզիս և ձեռքս ամուր սեղմելով տարավ դեպի այդ շիկահերի կրծքերը,ամոթից ու ներսս տիրող
տագնապից ձեռքերս դողում էին ,դիպչելով դրանց ներսումս խառնաշփոթ սկսվեց,չեմ ստի,հաճելի
զգացում էր:Վախեցած՝ձեռքս ետ քաշեցի ու փախա,մոռանալով անգամ հավաքածս գողոնի մասին
,որ բերել էի էդ խոզին տայի,նա էլ այնքան էր տարված իր շիկահերով ,որ մոռացավ դրանց
մասին:Վազում էի ,իսկ ականջներումս դեռ զրնգում էր նրանց հռհռոցի ձայները,իսկ ուղեղումս
դեռ այդ շիկահերն էր ու նրա փարթամ ու ճերմակ կրծքերը,ինչ գեղեցիկ մարմին ուներ այդ
անբարոյականը:Հասնելով տուն ,լվացվեցի և պառկեցի բազմոցին,ոնց էի քնել չեմ էլ հիշում,արթնացա
այն ժամանակ երբ մայրս տատիս կարված բրդյա վերմակն էր ուզում գցեր վրաս,որ չմրսեմ,երբ
տեսավ ,որ աչքերս բացել եմ հարցրեց արդյո՞ք սոված չեմ,վեր կենամ հաց ուտեմ,իսկ ես ինչպես
միշտ կոպտեցի խեղճ մորս,ասելով,որ հանգիստ թողնի ինձ,որ չեմ ուզում իր անհամ ճաշերն
ուտել:Գոռացի խեղճ մորս վրա չնկատելով անգամ, թե ինչպես արցունքներն հազիվ խեղդելով
լուռ հեռացավ:Մի քանի ժամ պառկելուց հետո,վերկացա և չնկատելու տալով մորս արցունքները
անցա կողքով և շտապեցի դուրս գալ տանից։
Հանկարծ լսեցի ձայնդ մամ ջան,ինձ էիր կանչում,հարցրիր,
թե ուր եմ գնում ,իսկ ես պատասխանեցի,որ քո գործը չի,որ ես արդեն ինքնուրույն մարդ
եմ,դու սրբեցիր արցունքներդ ու հարցրիր թե ինչ գումար է գրպանումս,ես բարկացա,սկսեցի
բղավել,անգամ ապտակեցի քեզ մամ ջան ,երբ փորձում էիր ձեռքիցս բռնել,որ տանից դուրս
չգամ առանց բացատրություն տալու,ի զարման ինձ դու ոչինչ չասացիր մամ ջան ,իսկ ես դեռ
շարունակում էի բղավել:Մամ ջան սերդ այնքան ուժգին էր ,որ չնկատեցիր, թե ինչպես եմ
կործանվում,դու անմնացորդ նվիրվել էիր ինձ,ու հավատում էիր ,վստահում,սերդ թույլ չտվեց
նկատել սխալներս,ես քո համար անթերի էի,մաքուր:
Անցնում էին տարիներ ,ես արդեն չափահաս էի,նույնիսկ
սիրած աղջիկ ունեի,անունը Մարի էր,մենակ էր ապրում ,գյուղից էր եկել՝սովորելու,ծնողները
գյուղում էին ապրում:Թխահեր ու սևաչյա այդ օրիորդը իր կուսական ու ամոթխած հայացքով
սրտիս մեջ իր բույնն էր հյուսել:Մայրս ամեն Աստծու օր խնդրում էր ,որ ծանոթացնեմ նրանց,ամենօր
պատրաստություն էր տեսնում,իսկ ես ամաչում էի նրանց ծանոթացնել,չէի ուզում Մարին տեսներ,
թե որքան խեղճ եմ ես ապրում:Մի օր երբ Մարին խնդրեց,որ ծնողներիս հետ ծանոթացնեմ,ես
նրան ասացի,որ մայրս մահացել է,իսկ որպես հայր այդ խոզին ներկայացրի,ի դեպ ի զարմանս
ինձ էդ խոզն էլ դեմ չեղավ:Անցնում էին օրեր ,մի օր,երբ սովորականի պես գնացի Մարիիս
տեսնելու տեսա,որ դուռը բաց է,ներս մտնելով,աչքերիս առաջ ամեն բան սևացավ,Մարիս պառկած
էր գետնին և արյունաքամ էր լինում,հիշում եմ նրա հայացքը,խնդրում էր փրկել իրեն։Աստված
իմ ինչ անմեղ էր նա,նրա պարզ ու մաքուր հոգում,նրա կուսական հայացքում դեռ մանկական
պարզ ու մաքուր նշույլներ կային:Հիշում եմ,երբ հարցրի թե ինչ է եղել նա միայն մեկ բառ
ասաց՝հայրդ,և ես այլևս ոչինչ չեմ հիշում ,հիշում եմ միայն,երբ ուշքի եկա՝բանտախցում
էի:Օրեր անց կայացավ դատս,տասնհինգ տարի տվեցին՝բռնաբարության և դաժան ծեծի համար,հիշում
եմ,թե ինչպես էր մայրս բղավում ,որ իր որդին անմեղ է:Միայն դատիցս հետո իմացա,որ Մարիս
մահացել է:Մորս տեղափոխել էին հիվանդանոց,սիրտը չէր դիմացել,սա իմ կողմից մորս պատճառած
վերջին վնասն էր:Մայրս կյանքի վերջին րոպեներին ցանկացել էր ինձ տեսնել,թույլ տվեցին,բերեցին
հիվանդանոց,մի քանի օրում այնքան էր ծերացել մայրս,կարծես սպիտակ ձյուն իջած լիներ
մազերին,կնճիռներն ավելի էին շատացել:Նստեցի կողքին,հազիվ էր խոսում,կյանքի վերջին
րոպեներին անգամ չմեղադրեց ինձ,այլ երեսս էր շոյում,համբուրում ձեռքերս,հարցրեց արդյո՞ք
քաղցած չեմ,հիվանդ չե՞մ:
Իսկ ես մամ ջան քեզ վերջին անգամ գրկելու ,համբուրելու
փոխարեն իմ հարցերով քեզ մի վերջին անգամ ցավ պատճառեցի:Խնդրեցի,որ հորս մասին պատմես։Երա՜նի
չխնդրեի…
Մայրս մահացավ՝արցունքներս մաքրելով։Թաղեցին,ինձ թույլ
չտվեցին նրան հողին հանձնել:Տարիներս անցան այդ պատերից ներս,անհույս ու փշոտ:
Այսօր ես արդեն ազատության մեջ եմ մամ ջան,ես իմ մեջ
ուժ գտա և սկսեցի կյանքս նոր ճերմակ էջից,ամուսնացել եմ մամ ջան,մի չքնաղ դուստր ունեմ
,ի դեպ նա քո անունն է կրում մամ ջան ,քո սուրբ անունը՝Մարիա՜մ:
Երջանկությունը նա է ,երբ մարդ ունենում է ուրախ ու
առողջ մանկություն,հաջող պատանեկություն և անհոգ ծերություն,դրանցից ինձ միայն բաժին
հասավ անհոգ ծերությունը:Կարոտում եմ քեզ մամ,շատ եմ կարոտում:Բայց ոչինչ շուտով մենք
կրկին միասին կլինենք:Սպասիր մամ ջան ես գալիս եմ….
Անի Հերունի Սաջյան
«ՍԱՏԱՆԱՅԻ ԿԻՆԸ»
«ՍԵՐԸ ԴԺՈԽՔՈՒՄ» կամ
«ՍԱՏԱՆԱՅԻ ԿԻՆԸ»
Արինան մտավ սենյակ,սենյակ,որը առաջին հայացքից նմանվում էր բանտախցի,որտեղ անգամ պատերը մեռելահոտով էին բուրում։Նայեց շուրջ բոլորը,սևազգեստ մարդիկ նստել էին դիակի կողքին և կոկորդիլոսյան արցունքներ էին թափում,որքա՜ն զզվելի էր այդ տեսարանը,մարդիկ այնքան են քարացել,որ անգամ արցունքներն են կեղծ։Նա լուռ մոտեցավ դիակին,նստեց կողքին և սկսեց շոյել նրա լայն ուսերը,հետո փարվեց կրծքավանդակին և համբուրեց նրա գունատ,անշունչ շուրթերը։
–Ես կարծում եմ, որ դու դեռ սիրում ես ինձ , Անրի,ես էլ քեզ եմ սիրում.Այսուհետ մենք ընդմիշտ միասին կլինենք,այժմ դու ինձ երբեք չես թողնի , և կսիրես ընդմիշտ։Հավանաբար, Անրի , սա է հավերժական սերը, որ մարդիկ խոսում էին այս ամբողջ ժամանակ: Ի վերջո , սերը մեռած մարդու անապականելի և անարատ է,որովհետև մեռած մարդը երբեք չի դավաճանի , և չի փոխվի։
Բայց Անրին նրան չպատասխանեց,որովհետև նրան չէր հետաքրքրում,թե ինչ է կատարվում աշխարհիկ աշխարհում,նա արդեն մի քանի ժամ էր ինչ երկնքում էր։Նա պառկած էր անշարժ,աչքերը փակ ,իսկ նրա հոգին կանգնել էր Արինայի կողքին և ծիծաղում էր նրա վրա,որ այդ խենթը դեռ հույսեր է փայփայում հավիտենական սիրո համար։
Մոտեցան նրանք՝սևազգեստ հագած՝սատանի ծառաները,վերցրին նրա փայտե դագաղը և տանից հանեցին դուրս,Արինան նստած ճանապարհեց սիրելիին,ինչ կարիք կար մեռելի ետևից գնալու,միևնույն է նա դրա համար շնորհակալություն չէր հայտնելու։
Ձմեռ,բնությունը սկսեց մահերգ երգել,երկինքը պատվեց մեռելաբույրով,ճերմակ սավանով ծածկվեց բնության հայելին։
—Կրկին այս անիծված ձմեռը,ատում եմ այն։
–Արինա ինչու՞ ես այդպես ասում,ձմեռը նոր կյանքի սկիզբն է,տե՛ս,որքա՜ն գեղեցիկ են ձյան փաթիլները։
–Գեղեցիկ ոչինչ չկա,այն կարծես մեռելատուն լինի,շուրջ բոլորը մերկացած ծառեր և ցեխաջրեր։
–Հետաքրքիր է կա այս աշխարհում մի բան,որ դու սիրես,Արինա՛։
–Այո,Մոնիկա
–Եվ՞
–Ես սիրում եմ գիշերը,այնտեղ արև չկա։
–Դու չե՞ս սիրում առավոտը։
–Ես չեմ սիրում արևին։
—Դու միշտ տխուր ես,ի՞նչն է պատճառը։
–Ես տխուր չեմ,ուղղակի դիմակ չեմ կրում,ատում եմ կեղծ ժպիտները։
—Հետաքրքիր մարդ ես,գիտես,երբեք չժպա՞լ,ինչպե՞ս կարելի է։
–Ես ժպիտ չունեմ,այն մահացավ,երբ ես ծնվեցի։
–Այդ ինչպե՞ս
–Երբ դեռ արգանդում էի,ես պաշտպանված էի,ժպտում էի ամեն բացվող օրվա համար,որ այս օրն էլ լուսացավ և ես դեռ շնչում եմ արգանդում,որ դեռ չեն պոկել ինձ այդտեղից և նոր կյանք տալով կյանքս խորտակել,իսկ,երբ ծնվեցի կյանքը իր կոշտ ձեռքերով մաքրեց ժպիտը երեսիս վրայից։
–Արին այսպես ապրելն անիմաստ է,դու պետք է կրկին ժպիտ նկարես քո երեսին։
–Արդեն ասացի,ատում եմ կեղծ ժպիտները,ատում եմ դիմակները։
–Իսկ երազանքներ գոնե ունե՞ս,Արին։
–Ես իմ ողջ կյանքում երազել եմ մանկատանը հայտնվելու մասին։
–Գժվե՞լ ես,ինչե՞ր ես խոսում,այնտեղ որբերն են։
–Իսկ քո կարծիքով ե՛ս ո՞վ եմ,գիտե՞ս ավելի լավ է լինել մանկատան որբերից մեկը՝ծնողազուրկ,քան ունենալ ծնողներ,բնակվել մի հարկի տակ և լինել որբ։
–Ես քեզ չեմ հասկանում,Աստված վկա։
–Աստծու անունը մի տուր,նա իմ թշնամի է։
–Աստված չի՛ կարող քեզ թշնամի լինել,պապանձվի՛ր,Աստված թշնամիներ չունի,որովհետև նրան հավասար ոչ–ոք չկա։
–Ճիշտ ես,հավասար չկա,բայց ուժեղ կա։
–Եվ ո՞վ է,շատ հետաքրքիր է։
–Սատանան։
–Սատանա՞ն,դու իրոք գժվել ես,սատանա չկա։
–Լավ,մեկ հարց ,քաղցրին փոխարինողը ո՞վ է։
–Դառը,ի՞նչ կապ ունի դա։
–Սիրուն էլ՝ատելությունը ,չէ՞։
–Այո,և՞
–Տաքին՝սառը,տապին՝ցուրտը,անձրևին՝արևը,ուրախությանը՝տխրությունը,և վերջապես կյանքին՝մահը։
–Այո,հետո՞։
–Հետո այն,որ եթե կա Աստված,կա նաև սատանան։
–Բայց Աստված ուժեղ է։
–Ո՛չ,որովհետև այսօր աշխարհին սատանան է ղեկավարում,որովհետև նա բոլորիս մեջ է,մենք ավելի շատ վատն ենք,քան լավը,նա հաղթել է Աստծուն այն ժամանակ,երբ համոզեց նրան իր միակ զավակին խաչել մեղսավորների համար,իմանալով,որ միևնույն է մեզ փրկություն չկա։
–Լռի՛ր,խնդրում եմ,դու ի՞նչ գիտես,դու ոչինչ չգիտես։
–Գիտեմ,դու էլ գիտես,որովհետև սատանան ես եմ,սատանան դու ես,սատանան մարդիկ են։
—Խնդրում եմ քեզ ,գնա եկեղեցի,թող Տեր՝Մեսրոպը քեզ աղոթի,գուցե՞ խաղաղվի հոգիդ։
–Ո՞վ աղոթի,նա ով ինձանից մեղավոր է,ով Աստծո անվան տակ իր մեղքերն է կոծկում,նա ինձ ու քեզ պես մարդ է,մեղսավոր,նա ի՞նչ իրավունք ունի Աստծո անունից մարդկանց իբրև թե մաքրագործի,կամ ու՞ր գնամ,եկեղեցի՞,որտեղ մոմ և այլ իրեր են վաճառում,որը բիզնեսի ամենաարդյունավետ միջոցներից է,Աստծո անվան տակ մարդկանցից վերցնել գումար աղոթքի համար,երբ պետք է վերջապես հասկանաք,որ Աստված տուն չունի,որ չկան Աստծո ծառաներ,Աստված ինչպես և սատանան մենք ենք,դա մեր գիտակցություն է,մենք ենք մեր անձի տերը,մեր Աստված և սատանան,մենք ենք որոշում ինչպես ապրել և երբ մահանալ։
–Դու կկործանես քեզ,Աստծուց վախեցիր։
–Վախենում եմ,ես այս կյանքում միայն ինքս ինձանից եմ վախենում,իմ ենթագիտակցությունից,ես եմ իմ թշնամին,որովհետև մեր մեջ բնակվող սատանան ավելի ուժեղ է քան Աստված։
Անցնում էին օրերը մեկը մյուսի ետևից,ժամանակը շարժվում էր առաջ,անցյալում էին մնում բոլոր մեռածները,բայց Արինան այդպես էլ չէր կարողանում համակերպվել սիրելիի կորստի հետ,ամեն բացվող առավոտ նա երկու կարմիր վարդեր էր գնում և այցելում սիրելիի գերեզմանին։Մոտենում և նստում էր գերեզմանի կողքին,պոկում գերեզմանի վրա աճած մոլախոտերը,չորացած վարդերը վերցնում նկարի կողքից և նորերը դնում այնտեղ,փարվում նրա նկարին և սեփական ցավաջրերով սրբում սիրելիի նկարին նստած փոշին։Երկար զրուցում էր նրա հետ,հետո գրկում հողն ու մի քանի ժամ անշնչացած պառկում։
Այսօր կրկին եկավ նա,կրկին կարմիր վարդերով,պոկեց մոլախոտերը,մաքրեց փոշուց նկարը և գրկեց կարոտով սնված հողը։Անշնչացած մարմինը հանկարծ կենդանություն առավ անծանոթ ձայնից.՝
–Դուստր իմ։
Արինան վախեցած բաց արեց կոպերը,նրան թվաց,թե մեռելները կենդանություն առան,նայեց արծաթափայլով օծված ծեր կնոջը և քարացավ։
–Դուք ո՞վ եք,—վախեցած հարցրեց Արինան
–Մի վախեցիր դուստր իմ,ես էլ քեզ պես ամենօր իմ հրեշտակին եմ հյուր գալիս։
–Ի՞նչ գիտեք,որ ես ամենօր գալիս եմ այստեղ։
–Ա՜յ,այն շիրմաքարը տեսնում ես,այնտեղ որդիս է հավերժ քուն մտած,ամենօր գալիս եմ,նրան իր սիրելի խնձորի հյութն եմ բերում և նկատել եմ,որ դու էլ ես ամենօր գալիս։
—Այո,այստեղ էլ իմ սիրելի տղամարդու անշունչ մարմինն է,որից երևի միայն ոսկորներն են մնացել։
–Ցավում եմ հոգիս,ցավդ ծանոթ է սրտիս։
–Հիվանդությու՞ն,թե սպանությու՞ն։
–Սպանություն,դուստրս,բայց հերոսի մահով։
–Այսի՞նքն,հերոսի մահով,այդ ինչպե՞ս։
–Պատերազմի դաշտում թշնամու գնդակից ընկավ,բայց իր հետ տարավ հարյուր թշնամի,իմ որդին հերոսի մահով լքեց այս ծուռ աշխարհը։
–Խոնարհվում եմ Ձեր առջև։
–Ապրես աղջիկս,իմ ցավն արդեն տարիների փորձ ունի,քոնը կարծես,թե նոր է։
–Այո,դեռ երեք սիրո գարուն է,որ ծառերը ծաղկում են առանց նրա,տանս պատերը նրա նվիրած վարդերի բույրը չեն շնչում,միշտ կարմիր վարդեր էր նվիրում ինձ,նրա սիրելիներն էին,հիմա էլ ես եմ նրան նվիրում,բայց սրանք չեն բուրում,նա գնաց իր հետ տանելով վարդերի բույրը։
–Կարծես ,թե ժպիտդ էլ է տարել։
–Ոչ,ժպիտս ծնված օրվանից չկա,նա ամեն առավոտ ինձ վարդեր էր բերում,փորձում էր ամեն կերպ դեմքիս ժպիտ նկարել,բայց այդպես էլ ժպիտ չնկարեց,ընդհակառակը ևս մի քանի բաժակ ցավաջուր ներարկեց արյանս մեջ ։
– Նա քեզ շա՜տ է սիրել,վստահ եմ,եթե փորձել է քեզ ժպիտ պարգևել,նա իր կյանքը քեզ է նվիրել,փորձիր ժպտալ հանուն նրա։
–Ոչ,նա ինքնասիրահարվածի մեկն էր,նա իրեն փրկեց այս դժոխքից,իսկ ինձ թողեց միայնակ այս ճահճում,թողեց,որ կործանվեմ,ես ամենօր խնդրում եմ նրան,որ ինձ տանի իր մոտ,իսկ նա չի լսում ինձ,նա ուզում է,որ ես տանջվեմ։
–Մի՛ խոսիր այդպես դուստրս,մի խոսիր։
–Ես գնամ,ճնշվում եմ նրա ներկայությունից,նրա նկարը ծաղրում է ինձ,ծիծաղում է իմ տանջանքների վրա։
–Դուստր իմ,միայն մի հարց,գիտեմ,գուցե հոգիդ կրկին ցավեցնեմ,բայց նրա մահվան պատճառն ի՞նչն է եղել։
–Թմրանյութն ու խաղատները,նրա «ընկերները»,ալկոհոլն ու սատանայի կանայք՝լրբազգիները։
–Այսի՞նքն,նա թմրամո՞լ է եղել,նա խաղամո՞լ է եղել։
–Կյանքը նրան այդպիսին դարձրեց,նա այդպիսին չէր,դա նա՛ չէր,նա չէ՛ր։
–Դուստր իմ բացիր հոգիդ,պատմիր,կիսվիր ինձ հետ։
–Պատմեմ,ի՞նչ պատմեմ,այն,թե ինչպե՞ս ծնվեց ևս մեկ ոչ ցանկալի պտուղ,այն,թե ինչպե՞ս կյանքը ապտակեց ինձ,տիրացավ և լքեց,ինչպես այն լրբին,ում մարմնին տիրեցին,իսկ առավոտյան նետեցին փողոց։
–Ո՞րբ ես դուստրս։
–Այո,ավելի որբ քան որբերը,ես ծնողներիս կողքին որբացա՝երազելով մանկատան անշունչ պատերի մասին,ես երազում էի այդ անտանելի աղմուկի փոխարեն մանկան ծիծաղի ձայնին կարոտ մանկատան սառը սենյակները,ես երազում էի երազել ծնողներ ունենալու մասին։
–Ես չեմ հասկանում քեզ դուստրս,ծնողներդ չե՞ն սիրում քեզ։
–Նրանք անգամ իրենք իրենց չեն սիրում,դեռ արգանդում ես արդեն զգում էի,թե,որքան են նրանք ինձ ատում,ես երազում էի չծնվելու մասին,պայքարում էի կյանքի դեմ,բայց նրանց ատելությունը այնքան մեծ էր իմ հանդեպ,որ նրանք ինձ կյանք տվեցին։
–Ինչու՞ չես մտածում,որ գուցե նրանք քեզ սիրել են,դու ցանկալի ես եղել և նրանք քեզ կյանք են տվել։
–Ինձ այս կյանքը պետք չէր,նրանք ինձ կյանք տվեցին,որ իրենց մեղքերի համար ես պատժվեմ։
–Մի ասա հոգիս,Աստված էլ իր միակ զավակին կյանք տվեց,իմանալով,որ նա տանջվելու է և խաչը հանվելու մարդկանց մեղքերի համար,բայց չնայած այդ ամենին նա սիրում էր իր զավակին։
–Ես չեմ պատկերացնում,թե ինչպե՞ս է հնարավոր հավատալ,որ Աստված կա,որ նա սիրել է իր զավակին,անգամ դժվար է պատկերացնել Արարիչ՝ով ինքն է Հայրը ժողովրդի ,ով չի խնայել անգամ իր միակ Որդուն ՝մեղավորների փրկության համար , միակ Որդուն խաչը հանելով ,բայց այնուամենայնիվ մարդկանց մատնելով հավերժական տառապանքի : Շատ մարդիկ չեն կարող նայել անգամ հինգ րոպե ,թե օձը ինչպես է ճագարին սպանում,պատկերացրեք, թե որքան դաժանություն պետք է ունենալ ,որ նայես,թե ինչպես են քո միակ զավակին տանջամահ անում,կամ,որ սխալների եւ մեղքերի համար դատապարտես մարդուն ոչ թե 30, ոչ 40 , ոչ թե 50 , ոչ թե 100 , 1000 , 5000 տարվա,այլ հավիտենական տառապանքների։
–Այդքա՞ն վատն են ծնողներդ,որ նրանց այսքա՜ն շատ ես ատում։
–Ծնողներին ատելու համար,պետք է նախ և առաջ նրանց ունենալ։
Արինայի ձայնը այնքա՜ն հանգիստ էր,բայց այդ հանգստությունը նման էր հանդարտ ծովի,որի ներսում թաքնված էին խենթ ալիքները։
Արինան փորձում էր ամեն բան նոր էջից սկսել,փորձում էր ապրել,ինչպես բոլորը,ընդունվել էր աշխատանքի։Ամառ էր,սկսվեցին հանգստյան օրերը և միայն այն միտքը,որ նա կրկին պետք է փակվեր մեռելահոտով լցված տանը նրան խելագարության էր հասցնում,նա անգամ ընկերներ չուներ,որոնց հետ գոնե այս հանգստյան մի քանի օրերը կանցկացներ,միակ մարդը ում նա կարող էր ընկեր համարել Մոնիկան էր,իր մանկությունից մնացած միակ էակը,ում նա չէր ջնջել իր հիշողությունից։
–Զանգահարե՞մ նրան,գուցե համաձայնի միասին անցկացնել այս անիծված հանգստյան օրերը,բայց ախր այդ խխճուկ արարածը,ով իրեն աշխարհիս իմաստունի տեղն է դրել,նորից կսկսի ինձ հոգնեցնել իր Աստվածով և համոզել,որ ես խենթ եմ,իսկ նա Աստծո նվիրյալ՝կեղծ քրիստոնյա,ո՛չ,ավելի լավ է օրերս լցնեմ մահերգերով,քան ուղեղս սուտ աստվածապաշտությամբ։
Ամառը հոգեվարգի փուլում էր։Գիշերը մաքրում էր երկնային ոսկին։Երկինքը կարոտ էր լալիս։Աստղերը մահացան…
–Արինա՛,հագնվիր,արդեն շատ ուշ է,–քրթմնջաց նա,զայրացած,գրեթե
չնայելով Արինայի վրա։
Բայց Արինան չէր ուզում վեր կանալ այդ հարմարավետ,փափուկ անկողնուց՝ճմլված թերթերով սավանով։Նա վրայից դեն նետեց ծրարը,որով ծածկել էր սատանի զենքը՝մերկ մարմինը և ավելի հարմար տեղավորվելով անկողնում սկսեց հետևել սենյակի մեջտեղում այս ու այն կողմ քայլող Կիմին,ով գետնից հավաքում էր իր հագուստը՝ բուռն գիշերվա հետևանքով այնտեղ հայտնված և փորձում հագնել դրանք։Արինան լուռ հետևում էր նրան,այդ գեղեցկադեմ,հաջողակ՝քառասունն անց տղամարդուն։
–Կի՛մ,մենք այսօր կարող ենք ամբողջ օրը միասին անց կացնել,տնօրենս այսօր ինձ ազատ է արձակել։
–Բայց,ես չեմ հիշում,որ քեզ ազատ եմ արձակել այսօր։
–Դե՜,լավ ,Կիմ դուրս արի տնօրենի կերպարից և կրկին մտիր կրքոտ սիրեկանի կերպարի մեջ,արի՜ինձ մոտ։
–Արինա՛,հագնվիր,–գետնից վերցնելով Արինայի զգեստը,նետեց նրա վրա և հագնելով վերարկուն,շրջվեց կրկին դեպի նա և զայրացած ձայնով ասաց,–եթե մեկ ժամից աշխատավայրում չլինես,կհեռացնեմ աշխատանքից,–և փակելով դուռը,հեռացավ,իսկ Արինան նետելով զգեստը գետնին,ծածկվեց սավանով և փակեց կոպերը։
Նա միայնակ գայլ է,նա սովոր չէ հրամանների,նա ինքն է իր տերն ու տիրակալը,նման կանանց անգամ ոսկե շղթայով չես կարող շղթայել,փակի տակ առնել։
–Ես կարծեմ,զգուշացրի քեզ,Արինա,որ,եթե մեկ ժամից աշխատավայրում չլինես,ստիպված կլինեմ հեռացնել քեզ աշխատանքից։
–Դու,դա չես կարող անել,Կիմ,և գիտես ինչու՞,որովհետև,ոչ թե դու ես իմ տերը,այլ ես քո։
–Դու արդեն բոլոր սահմաններն անցնում ես ։
—Լսի՛ր,թե քեզ ինչ կասեմ,եթե դու ինձ աշխատանքից հեռացնես,ես ստիպված կլինեմ քո մաքրությանը կեղտաջուր
խառնել և բացել թշվառ կնոջդ ոսկով փակված աչքերը։
–Դու դա չե՛ս անի,լի՛րբ։
–Կանե՛մ,միայն հենց նրա համար,որ լիրբ եմ,այո՛,լիրբ եմ,սատանայի կանանցից մեկն էլ ես եմ,բայց ի տարբերություն ձեզ ՝սրբի անվան տակ թաքնվածներիդ ,ես չեմ վախենում դա բարձրաձայնել,չեմ թաքցնում իմ եսը,այդ է պատճառը,որ ես ձեզանից միշտ մեկ քայլով առաջ եմ։
–Դու՛րս կորիր սենյակից,ես զարմանում եմ,դու ի՞նչից ես ստեղծված,դու սիրտ չունե՞ս,դու սատանայից էլ վատն ես։
–Եթե ուզում ես ինձ հաղթել,ապա,սպանի՛ր ինձ,այլապես ինքդ կսկսես մահվան մասին երազել։
–Դու ո՞վ ես,և ես համբուրե՞լ և դիպչե՞լ եմ այս մեղսավոր մարմնին։
–Ես ձեզանից անմեղ եմ,իմ մեղքն լույս աշխարհ գալն էր,իսկ դուք հատուկ ծնվել եք կյանքը դժոխք վերածելու համար։
–Գնա,խնդրում եմ քեզ գնա։
–Կգնամ,բայց հիշի՛ր,եթե ուզում ես կանգնեցնել ինձ ,ապա,ստիպված ես սպանել։
Արինան դուրս եկավ սենյակից և թվում էր,թե ոտքերին տոննայանոց երկաթե շղթաներ են,որոնք չէին թողնում նրան քայլել առաջ։Շուտով ամեն բան կվերջանա,անցյալում կմնան այդ վեց ամիսները՝երջանիկ և ցավոտ,որոնք անցան Կիմի կողքին,և այս ամենի մեղավորը ինքն էր՝Արինան,բայց սեփական մեղքը ընդունելն անգամ չէր թեթևացնում նրա հոգու խենթ փոթորիկը։
Առավոտ էր։Արևի ճառագայթներից մի բարակ շերտ ,ճեղքելով փոքրիկ խցիկ հիշեցնող պատուհանները ,թափանցեց սենյակ։Սենյակ,որտեղ խոր՝հանգստություն էր տիրում։Սենյակի անկայուն պատերը պղտոր կենդանությամբ էին ողողված։Արևի ճառագայթներից մեկը ընկնելով Արինայի կոպերին,արթնացրեց նրան։Նա վեր կացավ անկողնուց,լվացվեց և կանգնեց հայելու առջև ՝սկսեց սանրել գանգրածով վարսերը։
–Ա՜խ ,Անրի՜,հոգի՜ս,վարսերս դեռ քո մատների կոպտության բույրով են բուրում,ներիր ինձ սեր իմ,արդեն վաղուց է ինչ չեմ եկել գերեզմանիդ,չեմ բերել քո սիրելի վարդերը,ներիր,որ խոստացա հավերժ միայն քեզ պատկանել,բայց դրժեցի խոստումս,ես մեղավոր չեմ հոգի՜ս,ուղղակի անբարոյականությունը մորիցս եմ ժառանգել,այն արյանս մեջ է,ներիր ինձ,ներիր։
Նա փորձում էր լաց լինել,փորձում էր ներսում հավաքված ցավաջրերը դուրս թափել,բայց այդ անիծված քարերը փակել էին ելքի դռները և թույլ չէին տալիս այդ ցավաջրերին ժայթքել աչքերից,դրանք խեղդում էին նրան ներսից,շնչահեղձ անում,բայց չէին թողնում մահանալ,ստիպում էին ապրել,ապրել և տառապել։
Գիշե՜ր,գիշերային մթության մեջ կորան աստղերը,լուսինը քնեց սիրածի ծոցում,երկինքն իր սև սավանը քաշեց իր վրա,հորդառատ անձրևը իր գիրկն առավ մերկ փողոցները,քամու սուլոցին միացավ զայրացած կայծակը։Անձրևի ձայնը լռեցրեց դռան զանգը։
—Ինչու՞ ես եկել այս ուշ ժամին,Կի՛մ։
–Մենք պետք է խոսենք,թույլ տուր ներս գամ։
–Մտիր ներս։
Արինան անցավ առաջ և պառկեց անկողնում,նրա հագին միայն ատլասե ճերմակ գիշերազգեստն էր,վարսերը թաց էին(լոգանք էր ընդունել),նա մի ծանր կոս էր արել և քորոցով ամրացրել դրանք,զգեստի տակից երևում էին նրա փարթամ կրծքերը,նա նկատելով Կիմի շփոթված հայացքը և ծարավի պես անհագ ցանկությունը,վեր կացավ անկողնուց,արձակեց վարսերը՝խենթ ու խելաբույր,որոնք թափվեցին տղամարդկային կոպտությանը կարոտ ուսերին,հետո հանեց գիշերազգեստն ու նրա ձյան պես ճերմակ մարմինը սկսեց բուրել կրքի նեկտարի բույրով ,որն ավելի ավելացրեց Կիմի ներսում տիրող խառնաշփոթը։Կիմը ուշքի գալով նրա սատանայական գեղեցկությունից,անկողնուց վերցնելով ծրարը նետեց նրա վրա.՝
–Ծածկվի՛ր,ես դրա համար չեմ եկել Արինա։
–Արդեն հետաքրքիր է,դու երբեք ինձ մոտ այլ բանի համար չես եկել։
–Ծաղրանքդ դիր մի կողմ և նստիր,մենք պետք է խոսենք։
–Լավ,ասա,լսում եմ քեզ։
–Արինա,ես եկել եմ խնդրեմ քեզ,որ չքանդես ընտանիքս,հասկացիր ես սիրում եմ կնոջս,իսկ այն ինչ մեր մեջ եղել է ,դա ուղղակի պահի թուլություն էր։
–Գիտես,տարիներ առաջ քեզ պես մի թուլամորթի պատճառով էլ ես լույս աշխարհ եկա,բայց,ո՜չ,նա քեզանից թուլամորթ էր,որովհետև ամբողջ կյանքում այդպես էլ մնաց այդ սատանայի կնոջ դռան դիմացի փոքրիկ փալասը,ում վրա ամեն առավոտ այդ լրբազգին,ում արյունը իմ երակներով էլ է հոսում,մաքրում էր ոտքերը։Ձեր նմանները պետք է հավիտենական կյանք ունենան,որ հավերժ այրվեն այս գեհենի մեջ։
–Դու սատանա ես,դու սիրտ չունես,դու չգիտես սիրել,վաղ թե ուշ դու ես այրվելու այդտեղ քո մեղքերի համար։
–Ես ծնվածս օրվանից այրվում եմ,որովհետև մեղքի ծնունդ եմ եղել,որովհետև իմ ծնունդով զրկել եմ հայրական քնքշանքից այն պտղին,ով ծնվել էր իսկական սիրո արդյունքում։
–Դու դժոխքից ես եկել,հաստատ,դու մարդ չես։
–Սխալվում ես,ես դժոխք եմ եկել,որովհետև կյանքն հենց ինքը դժոխքն է։
–Ես զարմանում եմ,Արինա,մի՞թե երբեք չես սիրել,ինչու՞ է սիրտդ այդքան քարացած։
–Սիրել եմ,անսահման եմ սիրել,ի՜մ Անրին,իմ սե՜րը։
Կիմը նայեց Արինայի աչքերին,որոնք անբացատրելի գույնով էին ներկվել,նրանք ցավի,կորստի,կարոտի գույներով էին ծածկվել։
–Եվ,ու՞ր է հիմա նա,ինչու՞ նրա հետ չես,թե՞ նա էլ էր ամուսնացած։
–Ամուսնացած էր,նա մի քանի կին ուներ։
–Մի՞ քանի։
–Այո՛,նա ամուսնացած էր թմրանյութի,խաղատան և ալկոհոլի հետ,իսկ ես ինչպես միշտ սիրուհու կարգավիճակում էի,գալիս էր ինձ մոտ,երբ ցանկություն էր ունենում մեկին ստորացնելու։
–Եվ դու նման մարդուն սիրե՞լ ես։
–Այո՛,ինձ հաճելի էր նրան ստրկուհի լինելը,ես սիրում էի անգամ նրա հարվածները,ամեն անգամ,երբ հարվածում էր ինձ,մարմինս ծաղկում էր նրա ձեռքերի կոպտությունից,մի անբացատրելի դող էր տիրում ողջ մարմնիս,որը ինձ գերբնական հաճույքներ էր պարգևում։
–Դու կա՛մ խենթ ես,Արինա,կա՛մ իրոք սատանի ծնունդ։
–Սատանայի կանանցից մեկն եմ,ով խենթացել է տարիներ առաջ
սիրուց։
–Որտե՞ղ ես հանդիպել քո սիրուն,որքան ես գիտեմ դու ոչ մի տեղ չես գնացել և ընկերներ էլ չունես։
–Նա մայր կոչվածիս հաճախորդներից մեկն էր,ինձանից քսան տարով մեծ էր,այն ժամանակ ես դեռ տասնչորս տարեկան էի,երբ առաջին և վերջին անգամ սիրեցի։Հիշում եմ՝եկել էր հերթական անգամ մորս մոտ,այն խրտվիլակը՝հայր կոչեցյալս ինչպես միշտ աշխատանքի էր,ամեն անգամ,երբ հաճախորդ էր գալիս,ես փակվում էի իմ սենյակում,բայց այդ անգամը հետաքրքրությունս ինձ հաղթեց և ես դուրս եկա այն պահին,երբ Անրին ամբողջովին մերկ կանգնած էր,ձեռքում բռնած տաբատը,ինձ տեսնելով շփոթվեց նա,երևի՞ ,որ անչափահաս էի,դրա համար,հիշում եմ,անգամ բղավեց մորս վրա,որ ինչու՞ չի զգուշացրել,որ տանը երեխա կա,հիշում եմ,թե ինչպես այդ երեխա բառից վիրավորվեցի,ես տեղումս քարացել էի,առաջին անգամ էի տեսնում տղամարդկային ողջ կոպտությունը,որքա՜ն չքնաղ էր նա,որքա՜ն առնական,ես միանգամից սիրահարվեցի նրան,որովհետև մինչ նա ,իմ ճանաչած տղամարդը հայրս էր՝թուլամորթ,անհաջողակի մեկը,իսկ նա հզոր էր,նա ուրիշ էր։Այդ օրվանից հետո նա այլևս չեկավ մեր բնակարան և ես ատում էի ինձ,գիտակցելով,որ պատճառը ես եմ,բայց մի օր ես լսեցի մորս խոսակցությունը նրա հետ և իմացա նրանց հանդիպման վայրը,այդ օրը ես վերջապես կրկին տեսա նրան,սպասեցի այնքան,մինչ մայրս դուրս կգա ինձ անծանոթ այդ շենքից,վերջապես դուրս եկավ մայրս,մնում էր իմանայի,թե,որ բնակարանն է նրանը,բայց այդ օրը հաջողությունն ինձ հետ էր և նա դուրս էր եկել պատշգամպ ծխելու,ես առանց վարանելու բարձրացա վերև՝հինգերորդ հարկ,բնակարան երեսունվեց,թակեցի դուռը,ներսից լսվեց նրա խռպոտ ձայնը,որը վախ արթնացրեց մեջս,ձայն չհանեցի,նա բաց արեց դուռը և զարմացած նայեց ինձ,ներս մտա և այդ օրը հոգիս ծախեցի նրան,ես խոստովանեցի նրան,որ սիրահարված եմ,իսկ նա պատասխանեց՝տղամարդու կողքին ,կինը կամ պետք է թագուհի դառնա կամ նրա ստրկուհին,դե բնականաբար ես թագուհի լինել չէի կարող,դրա համար էլ դարձա նրա ստրկուհին,նա ինձ առաջարկեց սեր դժոխքում և ես համաձայնեցի։
–Իսկ ու՞ր է հիմա նա։
–Նա չկա,նա փրկեց իրեն այս դժոխքից,մահացավ,ես սպանեցի նրան։
–Դու՞։
–Այո,մահվան գիշերը ինձ մոտ էր,ինչպես միշտ թմրանյութի ազդեցության տակ,այդ օրը ես հասկացա,թե որքա՜ն ցավ է պարգևում այդ ճերմակ մահը,մինչ այդ ,ինձ թվում էր,որ այն միայն հաճույքներ է պատճառում,իսկ այդ գիշեր ես իմացա դառը ճշմարտությունը,ես հասկացա,որ նրա պարգևած ցավն առավել բարդ է բոլոր գոյություն ունեցող խոշտանգումներից: Ես չէի հասկանում,թե Անրիի հետ ինչ էր կատարվում,նրա մարմինը մեկ սառում էր,մեկ վառվում,շրթունքները կապտել էին,նա ողջ մարմնով թփրտում էր,բերնից սպիտակ փրփրազանգված էր թափվում,ոսկորները ձգվում էին,ինձ թվում էր ուր որ է կջարդվեն,փշուր–փշուր կլինեն,երակները ուռել էին,բայց դրանց ներսում արյուն չկար,ես գրկել էի նրա քրտինքի մեջ կորած գլուխը և շոյում էի վարսերը,չէի գիտակցում,թե ինչ է կատարվում,նա հազիվ բացելով կապտած կոպերը ,նայեց աչքերիս մեջ ՝ծծկեր մանկան պես,ով կաթ է խնդրում,և հազիվ բառերն արտասանելով խնդրեց գրպանից հանեմ այդ անիծյալ տոպրակը,որտեղ ներարկիչն էր լցված այդ ախտով և հազիվ իրեն քարշ տալով հասավ պատն ու դեմ եղավ դրան,հետո ձայն տվեց ինձ և ներարկիչն ափիս մեջ դնելով ,պարզեց ձեռքը,որ ներարկեմ,ձեռքերս դողում էին,ես վախենում էի,բայց ուզում էի փրկել նրան,ներարկեցի,երակներն այնքան էին քարացել ,որ ասեղն հազիվ ծակեց և խրվեց այնտեղ։Գուցե՞ ճիշտ չներարկեցի,բայց փրկեցի նրան՝նա մահացավ,իսկ ես դեռ ապրում եմ նրա ստեղծած սիրո դժոխքում։Այդ գիշեր ես նրան սպանեցի՝փրկության համար։
–Բայց ,ինչպե՞ս ես կարողացել դու սիրել նրան՝Արինա։
–Սիրել եմ և դեռ սիրում եմ,նա ուրիշ էր,ուրի՜շ,գուցե,նա երբեք չխոստովանեց,որ սիրել է ինձ,բայց ես համոզված եմ,որ սիրել է,գուցե կոպիտ էր,վայրենի,անգրագետ,բայց նրա հոգին մաքու՜ր էր,պա՜րզ,նա ինձ ամեն առավոտ կարմիր վարդեր էր նվիրում՝ներում էր հայցում գիշերվա հարվածների և ստորացումների համար,փորձում էր ժպիտ պարգևել,բայց,բայց…
—Արինա քեզ հոգեբույժ է հարկավոր,քեզ բուժվել է պետք։
–Ձեզ է պետք այդ բուժումը,ձե՛զ,ես լավ եմ,ես երջանիկ եմ։
–Աչքերդ այլ բան են ասում Արինա՜։
–Գուցե՜ Կիմ,գուցե՜,ասում են,երբ լեզուն լռում է,նրա փոխարեն սկսում են աչքերը խոսել։Երա՜նի կույր լինեյի,որ աչքերս ինձ չմատնեյին…
–Արինա՜
–Գնա,Կիմ,գնա,հանգիստ եղիր,ես կնոջդ ոչինչ չեմ պատմի մեր մասին,ես արդեն մեկ անգամ մի երեխայի զրկել եմ հայրական քնքշանքից,երկրորդ անգամ դա չեմ անի։
–Շնորհակալ եմ։
–Գնա,խնդրում եմ,ուզում եմ վայելել միայնությունս։
–Ես վախենում եմ քեզ միայնակ թողնել այս վիճակում։
–Հանգիստ եղիր Կիմ,ասում են ինքնասպանության գնում են թուլամորթները,իսկ ես թուլամորթ չեմ,ես ապրելու եմ ,ես խոստացել եմ նրան հավերժ լինել նրա ստրկուհին՝նրա ստեղծած սիրո դժոխքում։
–Այդպես ապրելն անիմաստ է Արինա,նա այլևս չկա,մտածիր,որ նա խաղաղության մեջ է,իսկ դու քեզ ուղղակի այրում ես գեհենում,վերջապես սթափվի՛ր,մեզ կյանքը տրված է ապրելու համար ,ոչ թե ողջ–ողջ մեզ թաղելու։
–Կիմ,գնա,խնդրում եմ,գնա՛։
–Կգնամ,բայց մտածիր կյանքդ փոխելու մասին։
–Ես մեկ անգամ փորձեցի և ինչ ստացվեց,ես հանդիպեցի քեզ և փորձեցի կյանքդ դժոխք դարձնել,ես այլևս չեմ ուզում ոչ–ոքի կորցնել,իմ ծնունդով ես կորցրեցի ծնողներիս,իմ սիրով ՝կորցրեցի Անրիին,վրեժի ծարավն էլ ինձնից տարավ քեզ։
–Դու կորցրել ես,որովհետև չես վախեցել կորստից,իսկ հիմա դու արդեն վախենում ես։
–Ես վախենում էի վախից,ես վախենում էի,որ այդ վախի զգացողությունը ինձ ավելի կտանջի քան դրա բացակայությունը,բայց հիմա չգիտեմ այն ժամանակ էր լավ,թե հիմա։
–Ինչպես գրված է Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր»գրքում՝մնայուն սեր ունենալու համար այն կորցնելու վտանգ է անհրաժեշտ Արինա։
Գարնանային մի գեղեցիկ օր էր, երկնային թագուհին վայելում էր իր գահը և իր ոսկե վարսերը սփռում շուրջ բոլորը,մայրաբար համբուրում ծաղիկներին՝նոր արթնացած ձմռան քնից և փարվում հողին,փորձելով հագեցնել կարոտից ծնված քաղցը։Արինան փարվել էր Անրիի շիրմաքարին և լուռ զրուցում էր նրա քար նկարի հետ.՝
–Անրի՜,իմ սե՜ր,եկել եմ,որ հրաժեշտ տամ քեզ,ես մեկնում եմ երկրից,դեռ չգիտեմ,թե ուր,բայց որոշել եմ հեռանալ այս երկրից,փորձել մաքրել անցյալս երակներիցս,ես ուզում եմ,որ ազատ արձակես ինձ քո ստրկությունից,քո սերն ինձ կործանեց,ինչպես ժամանակին հայրս կուրորեն սիրեց մորս և դարձավ նրա գերին՝կործանելով երկու կյանք՝իմ,որ նրա պատճառով ծնվեցի,և իր նոր ծնված զավակի,որ հայրական ջերմությանը կարոտ մնաց,նա թուլամորթ էր,անհաջողակ և այդպես էլ չկարողացավ ուժ գտնել իր մեջ ազատվելու մորս շղթաներից,բայց ես չեմ ուզում նրան նմանվել,ես չեմ ուզում լինել նրա պես,ես ազատություն եմ ուզում,ես ճախրել եմ ուզում,այսօր եկել եմ քեզ մոտ,որ ասեմ քեզ՝մնաս բարո՜վ,ես հեռանում եմ՝նորից ծնվելու հույսով,բայց այս անգամ իմ ծննդավայրը դրախտն է։
…
Անգլիա,Լոնդոն։
Գիշեր,երկինքն իր գիրկն էր առել կույս աստղերին,այսօր ևս մեկ աստղ պետք է մայրանար և ընկներ երկիր։
—Արինա,մոտեցիր պատուհանին,տես,որքա՜ն գեղեցիկ է այսօր երկինքը,Աստված իմ որքա՜ն շատ են աստղերը,–հիմար ժպիտը երեսին ,անգույն ,խոշոր աչքերը հառել էր երկինք և անկուշտի պես նայում էր
աստղերին,կարծես առաջին անգամ հենց ինքն էր բացահայտում,որ երկնքում լուսնից բացի աստղեր էլ են լինում։
–Կատի,իսկ դու գիտես,որ մենք էլ ենք աստղ եղել,–Արինան քմծիծաղն երեսին դանդաղ մոտեցավ պատուհանին և նայելով երկինք ժպտաց,հետո շրջվելով դեպի Կատրինի կողմ,նայեց նրա անգույն և խոշոր աչքերին և մի տեսակ զզվանք ապրեց այդ խղճուկ արարածից,ով կեղծ դիմակակիր էր,հիմար աղջնակի դիմակի տակ թաքնված էր զզվելի մեկը,ով չգիտեր իր ինքնարժեքը,և բացի բարերից ու թմրանյութերից այս կողմ ոչինչ չգիտեր և հիմարի պես զարմանում և ուրախանում էր ամեն չնչին բանի վրա։
–Այդ ինչպե՞ս Արին,այսինքն ես էլ եմ աստղ եղել,լսիր,ես եմ թմրամոլ,դու ես զառանցում,հումորդ և երևակայությունդ անսպառ են աղջիկ,–բացելով անճոռնի բերանը,սկսեց բարձր հռհռալ,ի ցույց դնելով ատամնաշարի ողջ «գեղեցկությունը» պատված դեղինով։
–Դու ծիծաղում ես ,իսկ ես լուրջ եմ խոսում հիմար աղջիկ,ախր դու քո քթից և թմրանյութերից այն կողմ ինչ ես տեսել,որ ինչ իմանաս,ես մի ողջ կյանք եմ ապրել և թողել անցյալում,ես ապրել եմ և՛ երկնքում,և՛ երկրում,ես տեսել եմ և՛ դրախտը,և՛ դժոխքը,ես տեսել եմ Աստծուն էլ,սատանային էլ,գիտեմ ով եմ և որտեղից,իսկ դու անգամ անունդ չգիտես ,թե իրականում ինչ է,այն ինչ դու ու քո նմանները զառանցանք են համարում,դա իմ ու իմ նմանների կյանքն է՝անցյալն ու ներկան,–կիսավրդով խոսում էր Արինան և քայլում այս ու այն կողմ այդ փոքր սենյակում,որը խցիկ էր հիշեցնում։Մոտեցավ սեղանին,որին մի տուփ ծխախոտ էր դրված և բացելով տուփը,ծխախոտը դրեց շրթունքների արանքում և դանդաղ սկսեց ներս քաշել ծուխը,կարծես կուլ տալով այն։Նրա մատները դողում էին,բայց շնչառությունը այնքա՜ն հանգիստ էր,այնքա՜ն գեղեցիկ էր նա ,անգամ ,երբ շրթունքներին էր մոտեցնում աշխարհիս փոշին ու ծխի մեջ առնում գեղեցիկ երեսը։
–Արին,մեկ—մեկ թվում է,որ ծխախոտիդ փոխարեն այլ բան ես ծխում,ի՞նչ Աստված,ի՞նչ սատանա,Աստված երկնքում է ,դու երկրում,դու ինչպես կարող ես տեսած լինել նրան,կամ ի՞նչ աստղեր ,ի՞նչ կյանք,ի՞նչեր ես խոսում,–Կատրինը հիմար հայացքով նայում էր Արինային և մաստակն այս կողմից տանում այն կողմ,այնպես էր քիթը ցցել,կարծես նա աշխարհիս խելացին էր,իսկ Արինան ամենահիմար մարդն աշխարհի երեսին։
–Լսի՛ր հիմար աղջիկ,այն ինչ դուք կյանք եք համարում հենց ինքը դժոխքն է,ես իմ կյանքի ընթացքում շատ բան հասկացա,ես չէի հավատում Աստծուն,որովհետև կարծում էի,որ չի կարող Աստված լինելով լավը ստեղծի մի բան,որն աշխարհիս չարիքն է,բայց հետո հասկացա մի բան,որ Աստված իդեալական է,անթերի,և իր ստեղծածն էլ իդելական է և անթերի,մեզ Աստված անթերի է ստեղծել,մենք անսխալ և իդեալական ենք եղել,և ապրել ենք այնտեղ,վերևում,որը դուք կոչում եք դրախտ,մենք եղել ենք Աստծո աստղերից մեկը,բայց եղել են աստղեր,ովքեր թերի են եղել և չեն ենթարկվել Աստծուն,Աստված նրանց պատժելու համար նետել է ներքև,որը դուք կոչում եք կյանք,իսկ վերևում կոչում են աղբաման,իսկ Աստված այն կոչել է դժոխք։Մենք բոլորս այդ թերություններն ենք,ովքեր այստեղ են ՝երկրի վրա իրենց մեղքերի և սխալների համար,որոնք գործել են այնտեղ՝վերևում։
–Արին,լռիր,լավ,հիմա կգժվեմ,զառանցանքներիդ ժամանակը չունեմ,պետք է պատրաստվեմ ակումբ եմ գնում,միացիր ինձ,մի լավ ժամանակ կանցկացնենք,մի հարուստ տղայի հետ կծանոթանաս,վերջապես ուղեղդ այլ բաներով կլցվի,այս կյանքում բացի քո զառանցանքներից,այլ բաներ կան,սեր,սեքս,կիրք,զվարճանքներ,խաղեր,հետո ,դու ինքդ ասեցիր,մենք արդեն սխալներով ենք ծնվել այս կյանքում,ուրեմն էլ ինչին ես սպասում,ապրիր կյանքդ ինչպես ուզում ես,խենթություններ արա,սիրիր,տրվի կյանքին ամեն կողմից,դե՛ ,դե՛ վեր կաց կարգի բեր քեզ,արի միասին գնանք։
–Ես ու թմրանյութը,ես ու դու,Կատրին ուշքի արի,դու ոչ մի ակումբ էլ չես գնում,ես թույլ չեմ տա,չէ՛,չէ՛,ես մի անգամ թմրանյութի պատճառով կորցրել եմ այն միակին ում հետ կիսում էի գիշերներս,երկրորդ սխալը թույլ չեմ տա,դու,գոնե դու պետք է փրկվես այս կործանվող աշխարհից,Կատի,աղջիկս,Կատի,դու դեռ երիտասարդ ես,մի արա այն սխալները,որոնք ես եմ արել քո տարիքում,մի կործանիր քեզ,ես ապրել եմ թմրանյութի հետ,ես գիտեմ դրա հետևանքները,Կատի,–արցունքներն հազիվ զսպելով մոտեցավ Կատրինին և ձեռքերի մեջ առնելով նրա մատները,սկսեց համբուրել,Կատրինը զարմացած նայում էր Արինային,փորձում էր հասկանալ ,թե ինչ է կատարվում,հետո վախենալով,ձեռքերը քաշեց ետ Արինայի ափերից և տեղից վեր թռչելով սկսեց բարձր հռհռալ,հետո բացեց պահարանը և Արինայի ողջ հագուստը թափեց գետին,ապա շրջվեց Արինայի կողմ,ով գետնին նստած դողում էր,նրա ամբողջ մարմինը պատվել էր ջրով՝ցավաջրով,իսկ աչքերից հոսում էին արցունքներն ու թափվում ցավից դողացող շուրթերին։
–Գնա՛,հավաքիր փալասներդ և հեռացի՛ր իմ տանից,դու հիվանդ ես Արինա,դու խենթ ես,ես վախենում եմ քեզնից,դու,դու չգիտեմ ով ես,մինչև գամ այստեղ չլինես։
–Գնացե՛ք,հեռացե՛ք բոլորդ,վերցրեք ամեն բան,ինձ թողեք միայն հոգուս դատարկ պատերը,որ կարողանամ անքուն մահանալ։
Փակվեց դուռը,Կատրինը գնաց,իսկ Արինան մնաց կրկին մենակ ինքն իր հիշողություններով,նորից այդ դատարկության ձայնը,նորից լռություն։
…
Հեռախոսազանգ և կրկին պատասխան չկա,պատասխանի փոխարեն կրկին այդ ռոբոտային ձայնը՝թողեք ձեր հաղորդագրությունը.՝
– Բարև Կատի,կրկին ես եմ,ուզում էի իմանալ,թե ինչպես ես և ասել,որ շատ եմ անհանգստանում քեզ համար,Կատի,հիմար աղջիկ,պատասխանի՛ր,պատասխանիր խնդրում եմ,ուզում եմ հանգիստ լինել,որ մի հիմարություն չես արել կյանքիդ հետ.
Տու–տու–տու…
–Կրկին լռություն…ատում եմ ձայնը՝լռության։
Քայլում էր Արինան գնացքի ռելսերի վրայով և մտորում.՝
–Մեր կյանքն էլ գնացք է,շարժվում է արագ և չես հասցնում հասկանալ ,թե,որն է կայարանդ,մեկ էլ քեզ իջեցնում են գնացքից տոմս չունենալու պատճառով և դու հայտնվում ես քեզ օտար վայրում,որտեղ հարազատ ոչինչ չկա,չկան ծանոթ դեմքեր։
Քայլում էր նա,իսկ արցունքները ժայթքում էին նրա աչքերից,ցավեցնում ճաքճքած շուրթերն ու ընկնում ռելսերին։Այսօր նրան ևս մեկ անգամ իջեցրին գնացքից,իջեցրին՝կիսատ թողնելով նրա ճանապարհը,որ պետք է անցներ,կիսատ թողեցին՝երազանքները,սպանեցին նրան,թաղեցին ողջ–ողջ ։Նա քայլում էր խենթացած աշխարհից,լցված ատելությամբ կյանքի հանդեպ,քայլում էր և ինքն իր մեջ կռիվ տալիս.՝
–Մա՜մ,այս աշխարհում ամենքից շատ քեզ եմ ատում,ատում եմ,որ կյանք ես տվել ինձ,երանի երբեք չիմանայի ,թե կյանքն ինչ բան է,ատու՛մ եմ,լսում ես ատու՛մ եմ քեզ մամ, ես քեզ երբեք ներել չեմ կարողանա ինձ ծնունդ տալու և սատանի երախը գցելու համար։
Անձրև սկսեց հեղեղալ երկնի կապույտից և սանձարձակ քամին խենթացավ կարծես՝հողից պոկում էր հաստաբուն ծառերը և խոնարհում դեպի իրեն։Տխուր երկնքից անձրևն էր մաղում շիկացած հողին։Երկնքում փախչում էին փրփուրանման ամպերը։Չորացած տերևները թփրտալով պոկվում և հուսահատ պառկում էին թաց հողին։Քամին պոկում էր գետնից ավազահատիկները և միախառնում նրա վարսերին,նա փակում էր ամուր կոպերը,որ ավազահատիկները չլցվեին աչքերն ու ավելի չծանրացնեին նրանց բեռը։
Մեկ,երկու,երեք…Հնչեցին եկեղեցու զանգերը,նրա ոտնահետքերը քայլեցին դեպի ձայնի ուղությամբ,մտնելով ներս,քար կտրեց,նա առաջին անգամ էր լինում եկեղեցում։
—Աստվա՛ծ ,միթե՞ կաս դու,ինչպե՞ս հավատամ քո գոյությանը,եթե բազմիցս դիմել եմ քեզ և ի պատասխան լսել ձայնդ՝լռության։Դե ապացուցի՛ր,դուռդ եմ եկել,ապացուցի՛ր,որ իրական ես,ոչ թե հորինվածք կամ էլ մի լեգենդ,ամեն անգամ,երբ փորձում եմ հավատալ քեզ,դու ինձ անդունդն ես գլորում,գիտե՞ս,ուզու՞մ ես ասեմ ,ասում են Աստված սեր է,իսկ ես չեմ հավատում սիրուն,սեր չկա,եթե այն լիներ մարդիկ չէին ցավեցնի մեկը մյուսին,չէին սպանի,չէին հոշոտի անմեղ կենդանիներին ,չէին լափի նրանց միսն ու արյունը,չէին պոկի ծառից իր սիրո պտղին՝լոկ համտեսելու համար կամ մայր հողից ծաղկին՝նվիրելու համար կամ չորացնելու,չկա սեր,չկաս դու,և թե ինչի՞ եմ եկել այստեղ,ինքս էլ չգիտեմ,գուցե՞,նրա համար,որ այլևս ուրիշ տեղ չունեմ գնալու,չգիտեմ,չգիտեմ…
Հանկարծ մի ձայն ընդհատեց նրան ,եկեղեցու քահանաներից մեկն էր.՝
—Բարև դուստր իմ,գո՞ւցե կարող եմ օգնել քեզ որևէ հարցում.—նրա ձայնը կարծես ուշքի բերեց Արինային և սթափվելով,մաքրեց արցունքները և շրջվեց դեպի քահանան.
–Բարև ձեզ,ինչի՞ց ենթադրեցիք,ամեն բան նորմալ է ինձ մոտ,–փորձելով թաքցնել արցունքները,խոսեց Արինան.
–Այդ դեպքում ինչու՞ ես լաց լինում,–մոտենալով նրան,թաշկինակը ուղեց դեպի Արինան,Արինան լուռ նայեց քահանային,ապա թաշկինակին,որքա՜ն խորթ էր այս ամենը,բայց որքա՜ն հաճելի,առաջին անգամ նրա արցունքները սրբել ցանկացող եղավ,նա թաքցնելով ներսում տիրող խառնաշփոթը,գլուխը դանդաղ իջեցրեց ներքև,ապա ձեռքերով սկսեց վարսերի հետ խաղալ,փորձելով նրանց միջոցով թաքցնել աչքերից հոսող ցավաջրերը.
–Ե՞ս,ես լաց չեմ լինում,ուղղակի աչքերս ցավում են,մի փոքր ջրոտվել են,–նրա ձայնում անհանգստություն նկատելով քահանան բռնեց նրա ձեռքերը,որոնք ներսում տիրող տագնապից սառույց էին դարձել և խոսեց.
–Իսկ աչքերիցդ հոսող մարգարտե հատիկներն ինչպե՞ս կբացատրես,ուզու՞մ ես համոզել,որ սրանք ուղղակի ջրեր են,որոնք առաջացել են աչքերիդ ցավից,մի՛ խաբիր դուստր իմ,–կիսաբարկացած ձայնով շարունակեց քահանան,–սրանք ուղղակի ջրեր չեն,սրանք ցավաջրեր են և հետևանքն են ոչ թե աչքերիդ ցավի,այլ հոգուդ,խոսիր դուստր իմ,–ձեռքը տանելով դեպի Արինայի վարսերը,մեղմորեն նրանց տարավ երեսի վրայից դեպի ետև և մոտեցնելով թաշկինակը սկսեց սրբել արցունքները,որոնք ավելի առատ էին հոսում։Արինան չկարողանալով այլևս զսպել իրեն,վեր կացավ տեղից և սկսեց գոռալ.
–Մարգարտե հատիկնե՞ր,ցավաջրեր,չէ մի,այդ իմ ատելությունն է աչքերիցս ժայթքել և դրոշմվել երեսիս,ես ատում եմ Ձեզ,ատում եմ այս շուկան,որը դուք Աստծո տուն եք համարում,սա՞ է ձեր Աստծո տունը,մի չորս կողմդ նայիր,սա՞ է ձեր պատկերացմամբ Աստծո տունը,հա՞,–Արինան խոսում էր ,իսկ քահանան նայում էր նրան և լուռ խաչակնքում.
–Մոլորված է հոգիդ՝դուստր իմ,ի՞նչ է անունդ,ատելությունը անթույլատրելի է Տիրոջ կողմից,–մոտենալով Արինային փորձեց հանգստացնել նրան,բայց Արինան չէր էլ փորձում լսել նրան,զայրացած այս ու այն կողմ քայլելով դուրս էր թափում հոգում եղածը.
–Անո՞ւնս,իսկ ինչ կարևոր է,ես անուն չունեմ,ես անանուն եմ,Տե՞ր,իսկ ով է նա,դուք նրան անձամբ հանդիպե՞լ եք,եթե հանդիպեք,հարցրեք նրան,արդյո՞ք անթույլատրելի չէ մարդուն անժամանակ կյանքից զրկելը կամ մեկ հարց,եթե սա է Աստծո տունը,ապա ի՞նչու եք թույլ տալիս ,որ այս զույգը մնա եկեղեցում,ինչու՞ չեք դուրս հանում նրանց,–մատնացույց անելով մի քանի նստարան այն կողմ նստած մի զույգի,ովքեր նստած համբուրվում էին և շոյում մեկը մյուսի բարեմասնությունները,–կամ,այս պարոնին,ով նստած իր և կողքի թռչնակի ինքնասիրահարվածության արդյունքներն է աչքի տակ անցկացնում՝մաստակն այս ատամից մյուս ատամ փոխանցելով,այնպես հիացած է ինքն իր նկարները նայում կարծես սուրբ հոգի է տեսել,մի՞թե թույլատրելի է այս ամենը ձեր Աստծո տանը իր կողմից,–Արինայի զայրութն այնքան շատ էր,որ հազիվ էր իրեն զսպում,որ ամբողջովին չպայթի.
—Այո՛,դուստր իմ Աստծո տան դռները բաց են բոլորի առջև,մենք իրավունք չունենք նրանց չթույլատրելու եկեղեցի մտնել,–մի մե՜ծ հոգոց հանելով պատասխանեց քահանան,կարծես ինքն իր ասածի հետ չհամաձայնելով.
—Այսինքն ուզո՞ւմ եք ասել,որ Աստված թույլ է տվել իր տանը զբաղվել անբարոյականությամբ,սրբապղծությամբ,այսինքն նա ինքն իր տունը չի՞ հարգում,թե՞ այնքան մեծ է սերը դեպի մարդ արարած,որ ինքն իրեն դե՞մ է գնում,չէ որ Սուրբ Գրքում ինքներդ եք ասում,որ գրված է չի կարելի շնանալ,որ սրբապղծությունը անթույլատրելի է,իսկ հիմա այս ամենը ուզում եք համոզել,որ նորմալ է,ես չեմ հասկանում ձեզ և ձեր կրոնը,դուք միշտ հակասում եք ձեզ,–քահանան լուռ լսում էր Արինային և չգիտեր ինչ պատասխանել,լուռ նստած շարունակ խաչակնքվում էր և քթի տակ «Հայր մերն» արտասանում,կարծես փորձելով մեղքերի թողություն անել.
–Ո՞վ է սիրտդ խոցել,ու՞մ ես ատում այսքան,ու՞մ ես կորցրել ոչ ժամանակին,որ այսքա՜ն զայրացած է հոգիդ դուստր իմ,գու՞ցե խոստովանություն անես,հոգիդ թեթևացնես այս ամբողջ չարիքից,–մոտենալով Արինային,կրկին ձեռքերի մեջ առավ նրա մատները և նայելով աչքերին,շարունակեց,–դե,խոսիր դուստր իմ,ես քեզ կլսեմ,ինչպես խուլ ու համր,այն ինչ կպատմես հայտնի կլինի միայն քեզ և Աստծուն.
–Խնդրում եմ միայն,այն ինչ կասեմ հիմա ի նկատի ունենաք,որ ոչ ինքնակենսագրություն է,ո՛չ պատմություն,ո՛չ խոստովանանք և ոչ էլ աղոթք,այն լոկ ոչինչ է,դատարկություն։Ատելություն,այն բացարձակ զրոյական է,դատարկ տարածություն,որը միևնույն ժամանակ,առավել տարածուն է,առավել անզիջում,առավել խելագար քան մարդկային վիրուսը,նա մեր բոլորի մեջ է,այն մեր շիզոֆրենիան է,ՁԻԱՀ –ը,քաղցկեղը,ամենավատ երազանքն ու աններելի կեղտը,և չկա մեկը ով այդ սատանա իժի ծնունդին զգացած չլինի։Օրինակ հենց դուք միթե՞ երբևէ ոչ մեկի կամ ոչ մի գոյություն չեք ատել։
–Ես,ոչ …
—Հենց հիմա դուք ինքներդ ձեզ ատեցիք,որ ձեր տիրոջ խորանում սուտ խոսեցիք։
–Երբ սրտումդ սեր կա,ատելություն չի կարող լինել,երբ դու արդար ես,մաքուր ու պարզ ես,այդ սատանայածին զգացմունքը չի կարող քեզ տիրանալ.
–Ո՛չ,այդպես չէ,արդարները ատում են չարին, սերը ատում է դավաճանություն , ձյուն՝արևին,սնունդը՝անորեքսիան , ծառերը ատում են կրակը
–Ի՞սկ դու,դու դուստր իմ.
–Իսկ ես ատում եմ կյանքը…
—Գուցե՞ պատմես,թեթևացնես հոգուդ բեռը,–քահանան ամեն կերպ փորձում էր խաղաղացնել Արինայի հոգին,բայց նա գնալով,էլ ավելի էր զայրանում ու սկսում ալեկոծվել.
–Ես բեռ չունե՛մ,ես հոգի չունե՛մ,ես չկա՛մ,հասկանում եք չկա՛մ,ես լոկ ստվեր եմ,ինչ որ մեկի ստվերը,որը շուտով կջնջվի պատից,կմաքրվի աշխարհի երեսից և նրա չլինելու մասին ոչ ոք այդպես էլ չի իմանա,որովհետև ոչ ոքի պետք չէ,ոչ ոքի,–Արինան այլևս չկարողանալով զսպել իրեն,ամբողջովին պայթեց և դուրս հանեց հոգու ամբողջ պարունակությունը.
—Դուստր իմ պապանձվի՛ր,լռի՛ր,–քահանան այլևս չկարողանալով լսել Արինային,չկարողացավ զսպել իրեն և ապտակեց Արինային,փորձելով ուշքի բերել,Արինան միանգամից հանդարտվեց և նայեց քահանայի աչքերի մեջ,իսկ ներսում նորից այն հիմար զգացողությունը,առաջին անգամ կյանքը նրան ապտակեց,ոչ թե ցավեցնելու,այլ–– ետ բերելու նպատակով.
–Ես գնամ երևի,մաքրեմ իմ մեղսավոր,արատավոր մարմինը ձեր մաքրամաքուր խորանից,–շրջվեց դեպի եկեղեցու դուռը,որ գնա,բայց մի բան կարծես ներսից թույլ չէր տալիս դուրս գալ եկեղեցուց,կարծես մի ձայն ականջին շշնջում էր,խնդրում,որ նա մնա,որ այստեղ պաշտպանված է,որ դուրս չգա այստեղից դեպի այդ հոգեբուժարան,որը կյանք են կոչում.
–Կանգնի՛ր,սպասի՛ր,–քահանայի ձայնը նորից նրան ետ բերեց իրականություն՝գնալ էր պետք, և նա քայլեց դեպի դուռը,առանց շրջվելու։Առջևում կրկին կյանքն էր՝անգույն ու փշոտ։
…
Կատրինը արդեն քանի գիշեր էր,ինչ չէր գիշերել տանը։Մտնելով տուն միանգամից դատարկություն զգաց,սենյակի պատերը կարծես ավելի էին փոքրացել ,թվում էր ուր որ
է կփլուզվեն և կըկնկնեն։Մի քանի վայրկյան դռան շեմին կանգնելուց հետո ,դանդաղ քայլերով մոտեցավ փայտե անկողնուն,որի մի ոտքի փոխարեն ինչ–որ գրքեր էին դրված և պառկեց անկողնուն։Արինայի գնալուց հետո առաջին օրն էր ,որ տուն էր եկել,իսկ տանը ամեն բան նույնն էր,նույն դատարկ,անշունչ պատերը,կիսաջարդված պատուհանները,սեղանը,որտեղ միշտ նստում էր Արինան և սկսում ինչ–որ բաներ գրել ու ջնջել,ամեն բան նույնն էր,բացի մի բանից,չկար նա,այն միակը,ում հետ կարող էր ժամերով վիճել,հետո թեյ ըմպել ու բարձր ծիծաղել,ծիծաղել այնպես ուժգին,որ ներսի ցավը ծիծաղի հետ միասին դուրս թափեր և հոգին խաղաղվեր,չկար նա և այն միտքը,որ նա կարող է այլևս չտեսնել Արինային մի տեսակ անհասկանալի ցավ էր առաջացնում նրա հոգում։Կատրինը գիտակցում էր,որ այս անգամ նա գուցե հավերժ կորցրեց այն միակին,ով փորձում էր իրեն ճահճից հանել,հասկանում էր,որ այս անգամ նա ձեռք բերեց մի նոր թշնամի և այդ թշնամին իր եսն էր։
Օրերն անցնում էին,իսկ նրա վիճակը ավելի էր բարդանում,նա օրերով անշարժ պառկում էր և աչքերն հառած մի կետի նայում դրան։Շուտով սկսվեց իրեն հալածանքի, մշտական վախի եւ անհանգստության շրջանը : Կյանքը վերածվեծ մի ֆիլմի , որը կրկնվում էր ամեն օր `առավոտյան նույն մտքերը , երեկոյան նույնը,գիշերը կրկին կրկնություն։Նրա օրը սկսվում և ավարտվում էր միայն մի մտքով,որտեղից ստանալ գումար,գնել թմրանյութեր , երեկոյան ընկնել այդ պետության՝երանության գիրկը,հետո պատվել դատարկությամբ,մինչև հաջորդ օր,կրկին բութ ցավեր,հաբեր,երանություն,դատարկություն ։Օր օրի չափաբաժինը ավելի էր ուժեղանում և նրան արդեն ավելի ուժեղ հաբեր էին հարկավոր,նա սկսել էր այդ թույնը ներարկել անմիջապես արյան մեջ,որ ավելի արագ ազդի,նրա երակները քիչ–քիչ սկսեցին վերանալ,ինչպես լինում է բոլոր թմրամոլների մոտ,նա ամեն օր ավելին էր արդեն ուզում,իսկ գումար և հնարավորություն չկար,նա վաճառել էր ամեն բան,անգամ մարմինը ։
Նա գտել էր թմրանյութի մեջ այն, որը չէր կարողանում հայտնաբերել իրական կյանքում ,փորձելով այդ մահացու վտանգավոր պատրանքը՝հիմարությամբ ներգրավված , նա չէր կարողանում և չէր էլ փորձում դուրս գալ այդ ճահճից : Այդ հաբերը նրան վերցրել էին իրենց գիրկը և չէին էլ հարցնում ՝արժանի
է կամ անարժան իրենց սիրուն,նրանք դրոշմվել էին Կատրինի ամեն բջջում ,որպես մի խճանկար՝թմրանյութի սիրո և
ընկերության։Նա չէր նկատում իր շուրջը, այդ վայրի կյանքը մի ասեղ էր՝երակային,որը ծակծկում էր ներսից նրա մարմինը և լափում արյունը։Նա այլևս ոչինչ չէր զգում իր շուրջը ,չէր ուզում ոչինչ : Միայն նրա համար կար մի պետություն՝ամորֆ ,որտեղ իշխում էր անտարբերությունը : Նրան բացարձակապես չէր հետաքրքրում, թե ի՞նչ է այժմ փայլում՝արևի լույսն է,թե լամպի ։Շատ սարսափելի է միայն այն գիտակցումը, որ դուք կախված եք ինչ - որ տեսակի փոշուց,որ կյանքում կգա մի պահ, երբ դեղը կդառնա ձեր մարմնի տերը : Երբ կուրորեն և անվերապահ կենթարկվես միայն նրան :
Հեռախոսազանգ,նա ցավից գամվել էր անկողնուն և չէր կարողանում մոտենալ հեռախոսին։
–Ալո,Կատի,կրկին ես եմ,հուսամ լավ ես Կատի,խնդրում եմ,երբ լսես հաղորդագրություններս,զանգիր ինձ,ես սպասում եմ զանգիդ,–Արինան արդեն ցանկանում էր անջատել,երբ հեռախոսի այն կողմում լսվեց Կատիի ձայնը.
—Արին,Արին ես մահանում եմ,օգնիր,խնդրում եմ օգնիր ինձ,–հազիվ բառերը դուրս հանելով դողացող շուրթերի արանքից,Կատին վայր ընկավ։
–Կատի,ձայն հանի՛ր,Կա՛տի…դիմացի՛ր իմ խենթ աղջիկ,դիմացի՛ր գալիս եմ…
Տու,տու,տու…՝
Կրկին ձայնը՝լռության։
…
Առավոտյան լույսի ճառագայթներից մի բարակ շերտ ,ճեղքելով փոքրիկ խցիկ հիշեցնող պատուհանները ,թափանցեց հիվանդասենյակ,ընկավ նրա հոգնած կոպերին և արթնացրեց նրան։Արթնանալուն պես Կատին կանչեց բուժքրոջը .
—Ինձ մոտ մարդ չի՞ եկել,ինձ այնտեղ,դռան ետևում սպասող չկա՞,–կիսաաղերսագին ձայնով հարցրեց բուժքրոջը,խոշոր աչքերով այնպես էր նայում,կարծես խնդրեր,որ բուժքույրը բացասական պատասխան չտա.
—Արդեն քանի օր է այն կինը,ով քեզ բերել էր հիվանդանոց գիշերում է հիվանդանոցի բակում,զգացվում է,որ քեզ շատ է սիրում և անհանգստանում է քեզ համար,–բուժքրոջ պատասխանը լսելուն պես Կատրինի աչքերը սկսեցին փայլել.
—Ես կարո՞ղ եմ տեսնել նրան,խնդրում եմ,–որբի աչքերով այնպես նայեց բուժքրոջը,որ նա անգամ մի պահ ցավ ապրեց այդ անտեր աղջկա համար,ով դեռ կյանք էլ չէր ապրել,բայց աչքերում այլևս կյանք չկար.
—Իհարկե,հիմա կկանչեմ.
Արինան ներս մտնելուն պես գրկեց Կատիին և բռնելով ձեռքերը սկսեց համբուրել նրա սառը մատները,հետո ձեռքը տարավ դեպի նրա վարսերը և մեղմ շոյելով դրանք ասաց.
—Իմ խե՜նթ,իմ խելա՜ռ աղջիկ,ի՞նչ ես անում կյանքիդ հետ,ախր դու դեռ կյանք չես ապրել,դու դեռ նոր պետք է սկսեիր ապրել,ի՞նչու ես սպանում քեզ,ի՞նչի ,ու՞մ համար,հիշի՛ր,ո՛չ մի մարդկային արարած արժանի չէ ,որ նրա համար զոհաբերվի որևէ մարդկային արարածի կյանք։Իմ լուսե՜ աղջիկ,երբեք չես կիսվել,չես պատմել հոգուդ եղածը,միայն լսել ես,լսել ես ինձ,հույս տվել,կատակել,բայց երբեք չես խոսել ցավիդ մասին,իսկ ես ՝էգոիստս ,երբեք չեմ փորձել հասկանալ քեզ,միշտ մեղադրել եմ,փնովել,որովհետև վախեցել եմ,որովհետև քո աչքերում ինձ եմ տեսել և ատել եմ,ատել եմ աչքերդ,որոնք իմ հայելին էին։Բայց հիմա այլ է,անուշս,դու՝ե՛ս չեմ,դու՛ ուժեղ ես,պատմիր,թեթևացիր,ես պատրաստ եմ լսելու քեզ այնքան,որքան կյանքը թույլ կտա,միայն թե բուժվիր հիմարիկ,բուժվի՛ր,–Արինան խոսում էր,իսկ Կատրինի աչքերից հոսում ու հոսում էին ցավաջրերը.
—Արին,գիտե՞ս,երբեք չեմ կարծել,որ երբևէ կասեմ սա,բայց հիմա դա ամենաշատն եմ ուզում,Արի՜ն գրկիր ինձ,ամու՜ր գրկիր,խնդրում եմ,–և մաքրելով արցունքները գլուխը դրեց Արինայի կրծքին՝նորածնի պես,ով մայրական գրկի կարոտ էր,ապա նայեց նրա աչքերին և շարունակեց.՝
–Արի՜ն ,գիտե՞ս ես այսօր հասկացա,որ մեր ողջ կյանքը ներկայացում է,կրկես,իսկ մենք ծաղրածուները,գիտե՞ս մայրս միշտ ասում էր ինձ,որ Աստված չկա,որ մենք ենք մեր կյանքի տերը,իսկ ես չէի հավատում,դեռ վեց տարեկան էլ չկայի,հիշում եմ,հայրս ամեն բացվող օր հարբում էր,հարբած գալիս տուն և սկսում հարվածել մորս,ես փակվում էի սենյակում,մտնում պահարանը,որ չլսեի նրանց ձայները,որ չլսեի նրա հայոյանքները,չլսեի մորս աղերսագին ձայնը,փակում էի ականջներս ,աչքերս և աղոթում,աղոթում,որ հայրս այլևս տուն չվերադառնա,բայց աղոթքներս այդպես էլ տեղ չէին հասնում,երբ նա քնում էր,վազում էի մորս մոտ,փորձում օգնություն ցույց տալ,բայց նա թույլ չէր տալիս,ամուր գրկում էր ինձ ,սրբում արցունքներս և հորինում հերթական սուտը՝ հորս պաշտպանելու համար,ամեն անգամ ասում էր,թե ինքն է մեղավոր,հայրիկը մեղավոր չէ,իսկ,երբ մի օր ասացի,որ չեմ ուզում հայրիկը գա,որ ամեն գիշեր աղոթում եմ,որ նա այլևս չվերադառնա,նա նախատեց ինձ ու ասաց,որ Աստված չկա,մենք ուղղակի հորինել ենք նրան,ստեղծել բարի մի ծերուկի,ում հետ կիսվում ենք և հավատում,որ նա կլսի,բայց այդ ժամանակ ես չհավատացի մորս,մտածելով,որ նա դա այդպես ասաց,որ ես այլևս չաղոթեմ և չխնդրեմ,որ հայրս մահանա,ես զարմանում էի մորս վրա,ինչպե՞ս կարելի էր սիրել հորս նման մարդուն,այդ ի՞նչ սիրով էր նա նրան սիրում,երբ մայրս մահացավ,ես սկսեցի կասկածել,որ Աստված կա,որովհետև նա խլեց մորս,իսկ ես նրան խնդրում էի,որ փրկի մորս,խնդրում էի,որ հայրս մահանա,իսկ նա մորս տարավ ինձանից,իսկ հայրս դեռ ապրում էր,ես խոստացել էի մորս,որ երջանիկ եմ լինելու,որ ապացուցելու եմ,որ սերը միակողմանի միայն չի լինում,և ,երբ հանդիպեցի նրա՜ն՝այն միակին,ինձ թվաց,որ նա է իմ տղամարդը ,ես հավատացի նրան,հավատացի և ստեղծեցի մի աշխարհ ,որտեղ նա սիրում էր ինձ,ես ամեն գիշեր Աստծուց խնդրում էի,որ իմ աշխարհը չխլի ինձանից,բայց ես կորցրեցի նրան,իմ աշխարհը փլուզվեց և ես հասկացա,որ մայրս ճիշտ էր,Աստված երբեք չլսեց ինձ,չլսեց իմ աղոթքները,բայց այն օրը,երբ կանգնած էի մահվան շեմին,ես խնդրեցի նրան,որ ,եթե նա գոյություն ունի,գոնե այս անգամ լսի աղոթքս և իր հրեշտակներից մեկին ուղարկի ինձ փրկության,և գիտե՞ս այդ պահին ինչ եղավ,դուռը բացվեց և ներս մտար դու...
…
Տարիներն անցնում էին,ժամանակը սլանում էր առաջ՝ետևում թողնելով անցյալի ցավերն ու փորձությունները,փոխարենը նա բերում էր ներկա,որտեղ ամեն բան դեռ առջևում էր,ամեն նոր օր իր հետ բերում էր մի նոր փորձություն։
–Արինա,ես զարմանում եմ ,թե քեզ պես գեղեցկադեմ և խելացի կինը ինչու՞ է մինչ այսօր միայնակ։
–Իսկ ինչու՞ ես հարցնում,–զարմացած հարցրեց Արինան և անկողնուց վեր կանալով,կանգնեց պատուհանի առջև,իսկ դրսում անձրև էր,երկինքն այնպես ուժգին էր լալիս,կարծես այլևս երբեք էլ չէր լացելու,տխու՜ր աչքերով նայեց երկնքին և շրջվելով դեպի Մարկը,ով կիսամերկ պառկած էր կարմիր վարդերով նկարազարդված մետաքսե անկողնուն և վայելում էր իր ծխախոտը,ամեն անգամ շրթունքներով այնպես դիպչելով ծխախոտին,կարծես կույս աղջկա արև չտեսած կրծքեր համբուրելիս լիներ։Վերջապես հանգցնելով ծխախոտը,վեր կացավ անկողնուց և ամուր սեղմելով Արինայի բարակ իրանը դեպի իրեն,համբուրեց նրա պատառոտված շուրթերը,որոնք անքուն գիշերվա արդյունքն էին և շշնջած ականջին.
—Ուղղակի ուզում էի իմանալ ինչու՞ չես ամուսնանում,միթե՞ մի հարուստ ծերուկ չկա ով կկապի կյանքը քեզ հետ և կվճարի քեզ ծառայություններիդ համար,–քմծիծաղը դեմքին շարունակեց Մարկը,–գիտե՞ս սիրունիկս ես չեմ պատրաստվում ողջ կյանքս քեզ կերակրել,հետո,դու արդեն ծեր ես լավ սիրուհի լինելու համար,տարիներն անցնում են քաղցրիկս,իսկ ինձ երիտասարդ աղջնակներն են դուր գալիս,այնպես,որ քեզ մի մեռնող ծերուկ գտիր,–ավարտելով խոսքը,պառկեց անկողնուն և տաբատի գրպանից հանելով դրամապանակը,բացեց այն և մի քանի դրամ հանելով նետեց Արինայի ոտքերի մոտ,Արինան լուռ վերցնելով դրանք գնաց դեպի հյուրասենյակ և մի տուփ ձեռքին վերադարձավ։
–Այս ի՞նչ է ,–ծխախոտը մոտեցնելով շուրթերին,հարցրեց Մարկը
–Սա այն ամբողջ գումարն է,որ այս տարիների ընթացքում տվել ես ինձ,–արցունքները մաքրելով տուփի ողջ պարունակությունը դատարկեց անկողնուն,—քեզ ի՞նչ է թվում,որ ես իմ քմահաճույքները բավարարելու համար էի քեզ հետ այս ողջ ընթացքում ,որ ինձ լոկ այս թղթերն են պետք,ո՛չ սիրելիս,ես սրանցով երջանկություն էի փորձում
գնել,ես փորձում էի սրանցով կյանք գնել,փորձում էի կյանք նվիրել մեկին,ով դեռ նոր է կյանք մտնում,ինձ սեր էր պետք,ես սիրվել էի ուզում,ես ուզում էի,որ նա ով վերջապես ինձ ստիպեց ապրել՝ապրի,ես սիրում եմ նրան երկնային սիրով,սիրում եմ հենց այնպես,հասկանու՞մ ես մենք՝ես և նա նույն արգանդից չենք ծնվել,անգամ մեր մեջ տարիներ կան,նա իմ արյունը չէ,բայց հոսում է իմ երակներով,նրա աչքերը իմ արտացոլումն են,նա իմը չէ,նրան ես չեմ ծնունդ տվել,բայց նրան գրկելիս,ես երկնային ցավեր եմ զգում ու ինձ թվում է նրան ես եմ սրտիս տակ կրել,նա իմը չլինելով միայն իմն է ,ես հանուն նրա վաղվա ժպիտի պատրաստ եմ տրվել ողջ աշխարհին,ինձ պետք էր այդ գումարը,որ նրան հույս կարողանամ տալ,որ նա վաղը կրկին կարթնանա,կգեղեցկանա և կգնա պարելու,որ վաղը նա կքայլի ու կանցնի երկար ճանապարհ,գիտե՞ս ողջ կյանքս սիրո մասին եմ երազել,բայց երբեք չապրեցի այն սերը,որոնք հեքիաթներում են լինում,բոլորն ինձ հեքիաթային կյանք խոստացան,բայց խաբեցին՝հեքիաթները վատ չեն վերջանում,ես երդվել էի,որ երբե՜ք այլևս կյանքս չեմ կապի ամուսնացած տղամարդու հետ,ես հոգնել եմ հասկանու՞մ ես,ես էլ բոլորի նման ուզում էի արթնանալ ամեն առավոտ նույն գրկում և չթաքնվել մարդկանցից,ես ուզում էի ,որ վերջապես այս ստոր և նողկալի կոչումից՝սիրուհի,ինձ կոչեին ՝մայր,մա՛յր,հասկանում ես,ես ուզում եմ սիրվել,ուզում եմ սիրել,գրողը տանի մի՞թե ես այդքան դժվար բան եմ ուզում,–հազիվ խեղդելով ինքն իրեն իր մեջ,շրջվեց նորից դեպի պատուհանը,որտեղ դեռ երկինքը անձրևում էր և նայելով երկնքին կամաց շշնջաց. —իսկ ես փորձում էի հավատալ քեզ տե՜ր,բայց նորից փորձություն,նորից մի կյանք,որին պետք է փրկեմ ես ,և նորից թմրանյութից։
–Աստծո հե՞տ ես խոսում,–արհամարական տոնով հարցրեց Մարկը,շարունակելով վայելել իր ծխախոտը,–խենթ ես դու,ես զարմանում եմ,թե ձեր՝կանանց ուղեղի փոխարեն Աստված ի՞նչ է տեղադրել,ի՞նչ կյանք,ի՞նչ թմրանյութ,–ծխախոտը դեն նետեց և տեղից վեր կացավ,մոտեցավ Արինային և նրա ձեռքից քաշելով գցեց անկողնուն,–լսի՛ր,այ էժանագին արարած,դու ի՞նչ էիր կարծում,որ ընտանիքս թողնելու եմ և քո մաշված գիրկն ընկնեմ,էն գիրկը,որը երևի ամեն Աստծու օր մի քանի դրամի համար ով ասես մտնում և դուրս է գալիս,խելք հավաքիր թռչնակս,սրբի՛ր էդ դերասանական արցունքներդ,լավ էլ սցենար ես մշակել,որ քեզ խղճան,քանի՞ հոգու ես այսպես կեղծ սրբի արցունքներով խաբել,ավարտի այս թատրոնդ,իջիր բեմից և արի գիրկս,եթե ուզում ես ծափահարություններ լսել։
–Գիտե՞ս ինչ,գնա գրողի ծոցը,–Արինանմաքրեց արցունքներն ու գետնից վերցնելով Մարկի շապիկը ,նետեց նրա վրա։
–Դու խենթ ես աղջի՛կ,ի՞նչ է ուզածդ,ի՞նչ ներկայացում է այս ամենը,–Մարկը սառած հայացքով ,կարծես չհասկանալով,թե ինչ էր կատարվում, նայում էր առաստաղին,հետո վեր կացավ,հագնվեց և դուրս եկավ հյուրանոցի համարից։
…
Մարկը բաց արեց դուռը և դանդաղ քայլերով առաջացավ դեպի հյուրասենյակ,հանեց շապիկն ու պառկեց բազմոցին,փակեց աչքերը,որ քնի,բայց հանկարծ լսվեց ննջարանի դռան ճռռոցն ու նրան ծանոթ ոտնաձայները,ձևացրեց,թե քնած է.
—Մարկ,պատրաստվու՞մ ես այստեղ քնելու,–լսվեց նրա կնոջ՝Մարիի ձայնը,Մարկը ոչինչ չպատասխանեց,շարունակեց ձևացնել,թե քնած է,–արդե՞ն տհաճ է կողքիս պառկելը–շարունակեց Մարին արցունքները զսպելով,բայց պատասխան չստանալով,լուռ շրջվեց և փակվեց ննջասենյակում,որտեղ գիրկն առավ իր վաղեմի և միակ հարազատին՝օրագրին և բաց անելով նրա հոգնած թևերը,սկսեց գրել.՝
«Բարև,կրկին ես եմ իմ խե՜ղճ օրագիր,այնքան եմ արցունքներովս պատել քեզ,որ թերթերդ ցավի և կարոտի բույրն ունեն,չգիտեմ ինչպե՞ս վարվել,նա այսօր անգամ մեր սիրո անկյունը չեկավ,այն անկյունը,որտեղ անցել են մեր խենթ գիշերները,մեր վեճերն ու հաշտությունները,վստահ եմ նրա մոտից էր գալիս,նրանից ինձ տհաճ այդ բույրն էր գալիս,չես պատկերացնի,որքա՜ն եմ ատում հիմա նրան,ատում եմ՝այսքան շատ սիրելու համար,ես չեմ կարող այլևս նրա ստորացումները տանել,բայց և առանց նրա էլ չեմ կարող,հետո,ես եմ մեղավոր,այո,ես եմ մեղավոր,ես մոռացել եմ ,որ ես կին եմ,ես պետք է այնպես անեմ,որ նա կրկին սիրահարվի ինձ,վե՛րջ,ես չպետք է թույլ տամ,որ իմ տղամարդը ուրիշին պատկանի,այդ անբարոյականը չպետք է հաղթի ինձ»։
Առավոտ էր,Մարին ինչպես միշտ բոլորից վաղ էր արթնացել,երեխաներին ճանապարհեց դպրոց և քանի դեռ Մարկը քնած էր,օգտվեց առիթից և գեղեցկացավ,հագավ ատլասե կիսաթափանցիկ գիշերազգեստը,շպարվեց,գանգուրները ձուլեց հոգնած ուսերին և երկու սուրճ պատրաստեց,ապա մոտեցավ ամուսնուն,ուզում էր նրան արթնացնել,բայց հանկարծ զանգեց հեռախոսը,այնտեղ այն նույն համարն էր,որից նամակ էր եկել օրեր առաջ,արագ պատասխանեց,որ Մարկը չարթնանա.
—Ալո,լսում եմ,–պատասխանեց Մարին,հեռախոսի այն կողմում լռություն էր,–ալո,խոսի՛ր,թե ինքնասիրությունդ չի թույլ տալիս,չնայած այն քեզ որտեղից,խոսի՛ր,դե՛.—մի քանի րոպե լռելուց հետո լսվեց Արինայի ձայնը.
—Ես ինքնասիրություն ունեմ ի տարբերություն քեզ,ես ինձ ավելի եմ հարգում,քան դու,ո՞վ ես դու,ո՞վ,կի՞ն,սիրու՞հի,մա՞յր,ո՞վ ես,դու ընդամենը նրա ստրկուհին ես,ով մոռացել է կին լինելու մասին,եթե դու հարգեիր քեզ,ամուսինդ այլ կանանց գրկում սեր չէր փնտրի,տրվել ես նրան և մոռացել,որ բացի նրա կոշիկները լինելուց դու նաև կին ես,մոռացել ես,որ ,երբ նա քեզ սիրեց դու խնամված աղջնակ էիր,ով ամեն խենթության ընդունակ էր,ով գնում էր ժամադրության առանց ժամացույցի,որպեսզի այն իր ավարտվելու մասին չհիշեցներ քեզ,իսկ հիմա դու ոչնչի ժամանակ չունես,դու ընդամենը ռոբոտ ես,ով արթնանում է նույն ժամին և քնում նույն ժամին,որպեսզի առավոտյան չուշանա արթնանալ նույն ժամին,և դու դեռ ինքնասիրությունից ես խոսում,իսկ ես կին եմ,թեկուզ և սիրուհի,բայց ցանկալի եմ,որովհետև ես ունեմ այն ժամանակը,որը չունես դու,որովհետև ես թույլ չեմ տալիս,որ ժամանակը ինձանից խլի իմ եսը,–նա խոսում էր և միաժամանակ հասկանում,թե որքա՜ն կուզեր հիմա լինել Մարիի փոխարեն։
–Գուցե,գուցե ես ռոբոտ եմ,անխնամ եմ,բայց ես ունեմ այն,ինչ չունես դու,ես ունեմ երեխաներ,ովքեր ամեն գիշեր համբուրում են ինձ և
շնորհակալություն հայտնում,որ ես կամ նրանց կյանքում,իսկ գիտես դա ի՞նչ է նշանակում,որ ես այս կյանքում ինչ որ մեկի պետք եմ,իսկ քեզ,երբևէ քո գոյության համար շնորհակալ եղե՞լ են,և վերջապես հիշի՛ր ,որ ամեն օր,իմ տղամարդը վերադառնում է իմ մոտ,նա չի մնում քեզ մոտ,որովհետև դու նրան միայն հաճույքի համար ես պետք,բայց,երբ տարիներն անցնեն և մի օր ,երբ օգնության կարիք կունենաս,ոչ ոք կողքիդ չի լինելու,որ քեզ անգամ, ջուր բերի,իսկ ես երեխաներիս ունեմ։
–Փոխանցիր Մարկին,որ այլևս ինձ չհիշի,–ավարտեց խոսքը և կախելով լսափողը,սկսեց անձրևել՝Արինան,Մարիի ամեն մի բառը ասեղի նման ծակում էին սիրտը, իսկ Մարին սրբելով արցունքները մոտեցավ ամուսնուն ,համբուրեց նրա շուրթերն ու արթնացրեց նրան,Մարկն արթնացավ և նստելով բազմոցին մի զարմացած հայացք նետեց դեպի կինը,վաղուց նրան այսպես գեղեցիկ չէր տեսել,նա ուշադիր հետևում էր կնոջը և լուռ հիանում նրանով։
–Սիրելիս,ես սուրճ եմ պատրաստել,լոգարանն էլ պատրաստել եմ,մի փոքր լիցքաթափվելը մեզ չի խանգարի,կարծում եմ,–Մարկը լուռ լսում էր նրան և փորձում էր հասկանել ,թե ի՞նչ է կատարվում։
–Մարկ,իմ միակ,չմոռանամ ասել,որ սիրուհիդ խնդրեց փոխանցել քեզ,որ այլևս նրան չհիշես,–մոտեցավ ամուսնուն և համբուրելով նրա շուրթերը,որոնք զարմանքից քար էին կտրել,շարունակեց,–գնացի՞նք,մեզ այսօր հեքիաթային օր է սպասվում,ի դեպ երեխաները դասերից հետո մայրիկիս տուն են գնալու,այսօր կմնան տատիկի տանը,հուսամ դեմ չե՞ս։
Մարկը փակեց նրա շուրթերը,ապա նրան գիրկն առնելով տարավ դեպի լոգարան,ականջին շշնջալով.՝
–Կարոտել էի քեզ …
…
Առավոտ էր,արևի շողերից մի փոքրիկ շող ընկավ նրա կոպերին և արթնացրեց նրան հեքիաթային գիշերվա խո՜ր քնից։Արթնանալուն պես Մարին վազեց դեպի լոգարան և արագ կարգի բերելով իրեն վազեց դեպի խոհանոց և երկու գավաթ սուրճ ձեռքերին մտավ ննջասենյակ,որտեղ կիսամերկ պառկած էր Մարկը.՝
–Բարի՜ լույս,–մեղմ ժպտալով ամուսնուն ,մոտեցավ և սուրճի գավաթները դնելով հայելու առաջ,պառկեց նրա կողքին։Մարկը շրջվեց և ամուր գրկեց նրան,ապա դանդաղ արձակելով խալաթի գոտին,սեղմեց նրա նուրբ մարմինը դեպի իրեն և նրանք համբուրվեցին։
Իսկ այդ ընթացքում մի քանի կիլոմետրեր այն կողմ Արինան շնորհակալություն էր հայտնում արևածագին,որ այս օրն էլ բացվեց և Կատին ապրում է։
–Արին գիտե՞ս մեկ–մեկ զարմանում եմ կյանքն ինչու՞ է մեզ այսքա՜ն ուժ տվել,եթե պետք է նաև տղամարդ ստեղծեր,եթե ստեղծել է տղամարդուն,որ մենք մեզ պաշտպանված զգանք,ապա ինչու՞ է մեզ,գրողը տանի,այսքան ուժ տվել,ա՜խ երանի թույլ լինեինք Արին,–Կատին սայլակին գամված,նայում էր պատուհանից դուրս ,նայում էր թռչուններին և նախանձում նրանց ճախրանքին,–ինչու՞ է կյանքը մեզ թևեր տալիս,եթե հետո պետք է դրանք կտրի,ինչու՞։
Արինան մոտեցավ նրան,շրջեց սայլակը դեպի իրեն և նստեց նրա առջևում,բռնեց ձեռքերն ու համբուրելով դրանք պատասխանեց.՝
–Աղջիկս,միշտ հի՛շիր,մարդիկ ուժ են ձեռք բերում դժվարությունների և դժբախտությունների շնորհիվ,և թուլանում են,երբ սկսում են երջանիկ լինել,բայց երկու դեպքում էլ կյանքը մեզ թևեր է տալիս,առաջինի դեպքում՝տալիս է ,հետո կտրում և մենք այդ ժամ սովորում ենք քայլել,իսկ երկրորդի դեպքում մենք ձեռք ենք բերում թևեր և սովորում ենք ճախրել,բայց մոռանում ենք,թե ինչպես են քայլում։
Կատին գրկեց Արինային,հետո գլուխը բարձրացրեց վեր և նայելով նրա հոգնատանջ աչքերին,խնդրեց,որ օգնի՝պառկել։Արինան օգնեց նրան և պառկեցրեց բազմոցին,ինքն էլ նստեց կողքին և Կատիի գլուխը դրեց ոտքերին և սկսեց շոյել նրա վարսերը։
–Մայրս էլ էր սիրում խաղալ վարսերիս հետ,–մեղմ ժպտաց և Արինայի ձեռքը բռնեց և մոտեցրեց քթին,փորձելով մայրական շունչը զգալ և կարոտը առնել,–գիտե՞ս,մայրս նկարչուհի էր,հոգու նկարիչ,նրա նկարներում հոգի կար,շունչ կար,մի ամբողջ կյանք կար նրա ամեն գույնի տակ,դեռ մանկուց կարողանում էի ժամերով նայել նրա նկարներից մեկին և խորանալ նրա մեջ այնքա՜ն,որ մեկ–մեկ թվում էր ուր որ է կխորտակվեմ այնտեղ և կհավերժանամ նրա կտավներում։Երբ նայում էի նրա կերպարին,նրա գեղեցիկ սլացիկ կազմվացքին,նրա իդեալական հագ ու կապին,գեղեցիկ երեսին,որտեղ կնճիռները վարպետորեն թաքնված էին,վարսերը կոկիկ հավաքված,միանգամից ժպիտ էր գալիս երեսիս,նրա նման կինը օգնության կարիք չուներ և ընդհանրապես ոչ–ոքի կարիքը չուներ,նա գայլ էր,հավատարիմ ինքն իրեն և կողակցին ։Ես զարմանում էի,թե նրա մեջ այդքա՜ն ուժ որտեղից,երբեք չխոսեց,չբարձրաձայնեց իր ցավի մասին,այդպես լուռ էլ հեռացավ կյանքից,իր հետ թաղելով այդքա՜ն տարվա անքուն ու տանջված գիշերները,մինչև վերջ հավատարիմ մնալով հորս ,երբեք չխոսեց նրա դավաճանությունների,հարբած գիշերների և անթիվ հարվածների մասին,անգամ մեռնելուց առաջ աղոթեց հորս համար և նոր մեռավ,իսկ նա ալարեց կռանա և մի բուռ հող լցնի մորս գերեզմանին։Դու նման ես մորս Արին,դու նրա պես հավատարիմ ես,իսկ իմ մեջ ցավոք հորս դավաճան արյունը կա։
…
Անցնում էին ամիսները։Աշունն հերթական անգամ իր մահերգն էր երգում ։Դաշտ ու փողոց ծածկվել էին ձյան ճերմակ սավանով,ննջում էր բնությունը,ծառերը իրենց ծերությունն էին վայելում,տերևները պարում էին քամու սուլոցի տակ և դիմավորում սառցե թագավորին։Երկնային կապույտը խառնվել էր երկրային ճերմակին և խոնարհվում էին սառցե տիրակալի առջև։Եկավ նա՝սառցե հսկան և նստեց գահին,բնությունը երգում էր՝«Գալուստդ բարի ձմեռ»։
Արինան տուն էր վերադառնում աշխատանքից,արդեն մեկ ամիս էր,ինչ նա մատուցողուհի էր մոտակա բարերից մեկում։Ձյան փաթիլները դանդաղ իջնում էին և նստում նրա երկար սև թարթիչներին և հալչում այնտեղ,գլորվում ցրտից սառած կարմիր այտերին և անմահանում ծակոտկիներում,քամին խառնվել էր նրա վարսերին և շնչում էր նրա վարսերի բույրն ու արտաշնչելով բույրը խառնում շրջապատող թթվածնին և սիրո մեղմ երգ էր երգում նրա ականջին։Նա մի պահ կտրվել էր աշխարհից,փորձում էր քամուն խառնել մտքերը և գոնե մի քանի վայրկյան մոռանալ անցյալն ու ներկան։Հուսահատված քայլում էր և ամեն անգամ անցնելով եկեղեցու կողքով,մի պահ կանգ էր առնում և դիմում Աստծուն.՝
–Աստվա՜ծ,եթե կաս ևս մեկ անգամ լսիր խնդրանքս,տար ինձանից,որքան ցանկանում ես,բայց Կատիին մի ցավեցրու,թո՛ղ,որ նա քայլի,թող գտնի մեկին,ով կսիրի նրան և հոգ կտանի մինչև մահ,խնդրում եմ,թող Կատին երջանիկ լինի։
Կրկին անգամ խոսեց Աստծո հետ և շարունակեց քայլել ՝ականջ դնելով քամու սուլոցին։
Հասնելով տուն նա բաց արեց դուռը և քար կտրեց՝Կատին կանգնած էր իր առջև մենակ,առանց հենակների,նա չկարողանալով զսպել ուրախությունը ամուր գրկեց Կատիին և սկսեց բարձր ձայնով լաց լինել,հետո նստեց գետնին և ձեռքերի մեջ առնելով գլուխը,կամաց ասաց.՝
–Ես առաջին անգամ իսկապես հավատացի քո գոյությանը Տե՜ր,շնորհակալ եմ…
…
Անցան ևս մի քանի ամիս,հուլիսն էր,արևն իր ոսկեծամերը սփռել էր աշխարհի վրա։Արինան ամառային արձակուրդի մեջ էր ,որոշել էր մեկնել հայրենիք,հայրենիք,որտեղ մի ամբողջ կյանք է թաղված։Նրա հետ մեկնում էր նաև Կատին,որոշել էր ընկերակցել ընկերուհուն և միաժամանակ ծանոթանալ Արինայի անցյալին և այն աշխարհին,որտեղ այն հիմա թաղված է։
Ժամե՜ր,րոպենե՜ր,վայրկյաններ և նա նորից այնտեղ է,որտեղ թաղել էր ինքն իրեն և այլ հոգի հագնելով որբ մարմնին մեկնել դեպի օտարություն։
Դեռ չէին հասցրել օդանավակայանից դուրս գալ,երբ Արինայի ականջներում լսվեց ծանոթ մի ձայն,որն իր անունն էր կանչում,շրջվելով նա տեսավ Կիմին,այսքան տարի անց նրանք կրկին հադիպեցին.՝
–Բարև ձեզ ,–ժպիտը երեսին նրանց մոտեցավ Կիմը.
—Բարև Կիմ,–Արինայի ներսում խառնաշփոթ սկսվեց,նա մի տեսակ կարոտ զգաց և ցանկություն Կիմին ամուր գրկելու։Մի քանի րոպե զրուցելուց հետո նրանք միմյանց հաջողություն ասացին և շարունակեցին ամեն մեկն իր ճանապարհը։
–Արինա,ո՞վ էր այս տղամարդը,ես ձեր խոսակցությունից բան չհասկացա,ինձ պետք է հայերեն սովորել,–Արինան լուռ նայեց դեպի Կիմը,ով բավականին հեռվացել էր իրենցից և շրջվելով դեպի Կատին պատասխանեց.՝
–Իմ նախկին տնօրենը և սիրեցյալը,–Կատին զարմանքով նայեց Արինային,հետո աչքերն հարցականներ դարձնելով շարունակեց.՝
–Նա ամուսնա՞ցած է
–Ամուսնացած էր,բայց իր ասելով բաժանվել են ,–Արինան պատասխանում էր,իսկ այդ ընթացքում ներսում տիրող քաոսը խեղդում էր կոկորդը։
–Գեղեցիկ տղամարդ էր,–Կիմով հիացած ,Կատին չէր նկատում Արինայի աչքերի տխրությունը։
–Այո,շատ գեղեցիկ է,–Արինան փորձում էր ամեն կերպ թաքցնել ներսի խառնաշփոթը,բայց Կատրինի հարցերը նրան ավելի էին վատացնում։
—Դու սիրե՞լ ես նրան ,–Կատին չէր դադարում հարցեր տալ,նա չէր նկատում անգամ,որ Արինայի աչքերից դանդաղ արցունքներ են հոսում։
–Չգիտե՛մ Կատի,չգիտեմ,ես այդ տարիներին միայն ատում էի բոլորին,ատում էի ամեն բան ու կյանքը,գուցե ատելով հանդերձ նաև սիրել եմ նրան,չգիտեմ,–Արինան այլևս չկարողանալով զսպել ներսի խառնաշփոթը՝պայթեց,–Կատի,վե՛րջ,այլևս ոչ մի հարց,նստիր մեքենան,գնանք,–նստելով մեքենան,վարորդին խնդրեց իրենց տանի որևէ հյուրանոց։
–Արին,իսկ որտե՞ղ ենք ապրելու,–հարցրեց Կատին
–Հյուրանոցում,իմ տուն չենք գնա,չեմ ուզում այդ տան մեռելահոտը կրկին թոքերս լցնի իր կարոտախտով։
Անցավ ևս մեկ ամիս,այս ողջ ամսվա ընթացքում Արինան երբեք դուրս չէր եկել հյուրանոցից,վախենում էր դուրս գալ և կրկին բախվել անիծյալ անցյալի հետ,իսկ Կատին ողջ օրը զբոսնում էր և բավականին ուշ վերադառնում հյուրանոց։
Առավոտ էր,Արինան արթնացավ հեռախոսի ձայնից և լսեց,թե ինչպես է Կատին ինչ որ մեկին ասում,որ սիրում է նրան։Լռեց և ոչինչ չասեց Կատիին,մտածելով,որ,երբ ժամանակը գա Կատին ինքը այդ մասին կհայտնի։Բայց նա չէր էլ կռահում,որ այդ ժամանակը այսօր
էր։
–Արին,քեզ պետք է մի բան ասեմ,չգիտեմ ինչպես կընդունես ասածս,բայց չասել չեմ կարող,Արին,ես սիրահարվել եմ Կիմին,այո,այո քո ՛
Կիմին և նա էլ ինձ է սիրահարված,ես առաջին իսկ օրը,երբ եկանք հյուրանոց,փնտրեցի նրան սոց ցանցերում և գտա ,և մենք սկսեցինք շփվել ,հետո սկսեցինք հանդիպել և այսօր Կիմը գալու է,որ ինձ տանի իր տուն,գիտե՞ս նա շատ լավ է տիրապետում անգլերենին,հուսամ շուտով ես էլ կսկսեմ հայերեն խոսել,–Արինան լուռ լսում էր Կատրինին և հազիվ զսպում արցունքները։
–Կատի,բայց նա շատ է մեծ քեզանից,նա քեզ հայր է գալիս,–ասեց ու ներսում մի ուժեղ ցավ զգաց և երանի տվեց,որ այն տարիներին լիներ մեկը,ով իրեն էլ կասեր՝գործ չունես աղջիկ,նա քեզ հայր է գալիս։
Լսվեց հեռախոսի զանգի ձայնը՝Կիմն էր։Կատին մոտեցավ Արինային,համբուրեց և ականջին շշնջաց.՝
–Իմ մեջ դավաճանի,Հուդայի արյուն կա,գիտեմ,որ այս քայլով,ես դավաճանում եմ քեզ,բայց դու մաքուր ես և կներես ինձ,ինչպես ներեց Հիսուսն իրեն դավաճանողներին։
Դուռը փակվեց ,Կատին գնաց և կրկին այդ անիծյալ ձայնը՝լռության։
Կրկին առավոտ,այսօր երկնային աչքը թաց էր՝լալիս ու լալիս էր։
Այսքան տարի անց նա նորից այստեղ էր՝անցյալին դեմ դիմաց։
–Բարև՜,վաղուց չէինք հանդիպել,հուսամ լավ ես այդտեղ՝վերևում,մեր վերջին հանդիպմանը խոստացա այլևս երբեք չգալ այստեղ,բայց ինչպես տեսնում ես եկել եմ,եկել եմ այս անգամ իսկապես վերջնական հրաժեշտ տալու քեզ՝Անրի՜,եկել եմ մի փոքր խոսեմ հետդ,չէ որ այս կյանքում քեզանից՝քո գերեզմանից և այս անշունչ նկարիցդ բացի այլևս ոչ ոք չունեմ,եկել եմ,որ ասեմ,մեկնում եմ ետ՝Լոնդոն,մեկնում եմ ,որպեսզի կյանքս հանձնեմ Աստծուն,որպեսզի նվիրվեմ նրան և դառնամ նրա կանանցից մեկը՝հավատարիմ և նվիրյալ,ուզում եմ մաքրվել այս ախտից,որ կուլ է տվել մարմինս և թույլ չի տալիս շնչել,ուզում եմ ,որ գոնե մահս խաղաղությամբ գա,որպեսզի ,երբ մեռնեմ մենք չհանդիպենք,որ մեռնելուցս հետո լինեմ Աստծո հրեշտակներից մեկը,ոչ թե քո՛։Մնա՜ս բարով Անրի,մնա՜ս բարով անցյալ։Այսուհետ իմ տունը՝Աստծո տանն է։
ՎԵՐՋ
Հեղ.՝Անի Հերունի Սաջյան