«Մի շտապի՛ր ծերություն »
«Իսկ ո՞վ է ասել,թե անձրևը լաց է,երկինքը՝տխու՜ր,կարոտ
է լալիս…ո՞վ է ասել անձրևից հետո երկինքը թաց է,իսկ դուք փորձե՞լ եք դիպչել երկնքին։Իսկ
ո՞վ է ասել,թե գարունները կանցնեն կգնան,չեն վերադառնա,ապա ինչու՞ եք ամեն ձմեռից հետո
գարնանը սպասում…Իսկ ո՞վ է ասել,թե ծերությունը կյանքի ավարտն է,ապա ինչու՞ եք հավերժությանը
այդպես հավատում»։
—————
«Մի շտապի՛ր ծերություն »
Աշուն էր,խո՜ր աշուն։Ոսկեծամ թագուհին հրաժեշտ էր տալիս
իր այգիներին,վերջին անգամ փարվելով հողին,նրանից մի վերջին համբույր էր կորզում և
մի բուռ կարոտ իր հետ վերցնելով հեռանում.Սանձարձակ քամին սուլում էր և իր սառը մատները
խառնում երկնի վարսերին,շոյում նրա տապից քրտնած մարմինը .Ծովաչյա գեղեցկուհին հալվում
էր սիրածի ծոցում և սկսում անձրևել…Աշունն հերթական անգամ իր մահերգն էր երգում ։Դաշտ
ու փողոց ծածկվեցին ձյան ճերմակ սավանով,ննջեց բնությունը,ծառերը իրենց ծերությունն
էին վայելում.Երկնային կապույտը խառնվել էր երկրային ճերմակին և խոնարհվում էին սառցե
տիրակալի առջև։Տուն էի վերադառնում ,ձյան փաթիլները դանդաղ իջնում էին և նստում թարթիչներիս,հալչում
այնտեղ ,գլորվում ցրտից սառած կարմիր այտերիս և անմահանում ծակոտկիներումս։Քամին իր
մատներն էր խառնում սև գանգուրներիս և նրանց ձուլում օդում պար եկող տերևներին։Մատներս
սառել էին,թվում էր այլևս չեմ կարողանա շարժել նրանց։Ոտքերս այնպես էին թրջվել,որ թվում
էր թե օվկիան եմ կտրել անցել։Վերջապես մշուշի միջից տեսանելի դարձան հարազատ ճյուղեր,պապիս
տնկած խնձորենու ճյուղերն էին,որոնք ձյան հաստ շերտերին չդիմանալով,իրենց գլուխներն
էին խոնարհել քամու առջև։Հասնելով դռանը,սկսեցի ուժգին հարվածել,խեղճ տատս վաղեցած
և սփրթնած դեմքով բաց արեց դուռը և տեսնելով ինձ,ոտքից գլուխ ձյան մեջ,ձայն տվեց պապիս.՝
-Պողո՜ս,ա՜յ Պողոս,շուտ եկ այ մարդ,-նայում էր ինձ և
ծիծաղում,իսկ ես հիմարի պես կանգնել և չէի հասկանում,թե ինչու է տատս ծիծաղում ,քան
թե շուտ ներս թողնի,ահա պապս էլ միացավ նրան և սկսեցին երկուսով ծիծաղել.՝
-Գու՞ցե բացատրեք ինչու՞ եք ծիծաղում,ի դեպ ,եթե չեք
նկատել թրջվել եմ և շատ եմ մրսում։
–Գոհար,այ կին,չմեռանք կենդանի ձնեմարդ էլ տեսանք,–ասաց
պապս ու սկսեց բարձր ծիծաղել,դեռ չհասկանալով,թե ինչումն է բանը,դժգոհ դեմքով ներս
մտա,անցա երկար միջանցքով,որի գետինը փայտից էր,պապս էր պատրաստել,տեղ–տեղ անգամ գեղեցիկ
նախշեր կային,հասա ննջասենյակ,միա ներս,որպեսզի արագ շորերս հանեմ,պատին,դռան դեմ դիմաց
մեծ հայելի կար դրված,աչքս ընկավ հայելուն և տեսնելով ինձ այնտեղ,վերջապես հասկացա
,թե ինչու էին ծերուկներս այդպես ծիծաղում,ոտքից գլուխ թաց էի,թարթիչներս սառած,անգամ
սառցե կտորներ կային վրաները,վարսերիս ձյան փաթիլներ,այտերս ալ կարմիր,քիթս կարծես
բազուկ լիներ,իսկական ձնեմարդ էի,ինձ տեսնելով հայելու այն կողմում ես էլ սկսեցի ծիծաղել։Արագ
փոխվեցի և անցա հյուրասենյակ,որտեղ ինձ արդեն համեղ թխվածքաբլիթներն ու հասմիկ ծաղիկով
թեյն էր սպասվում,իմ ամենասիրելի թեյն էր,շա՜տ համեղ է,իսկ ինչպես է բուրու՜մ։Նայում
էի ծերուկներիս ու ընկնում երազանքների գիրկը,պատկերացնում էի ինձ տարիներ անց կնճռոտված
դեմքով,ճերմակ վարսերով,որոնք տատիս պես խնամքով կթաքցնեմ գեղեցիկ ծաղկանախշերով պատված
գլխաշորի տակ,կոշտացած ձեռքերով,մատներս խաչված ծերուկիս մատներին,նա էլ պապիս պես
մեջքս կգրկի,որ հանկարծ չմրսեմ և անընդհատ կնայի աչքերիս ,այնպես,ինչպես պապս է նայում
տատիս,երիտասարդ գլուխը կորցրաց սիրահարի աչքերով,և կհամբուրի կնճիռներով պատված ճակատս…
Անցնում էին ամիսները,մոտենում էր գարունը. Գարու՜ն…
տեղ–տեղ երևացող ձյունն արևի բարկ համբույրից լալիս էր և իջնում դաշտերի վրա։Հրակարմիր
արեգակի ոսկեզօծ սկավառակը զարմացնում էր մայրացած հողին։Ղողանջում էր գարունը,զարթնում
նիրհած բնությունը։Շուտով կրկին երկնի կապույտում արևը կշողա` ջերմացնելով թաց հողը,որտեղ
ձյան մարգարտյա փաթիլների հետ երկար ժամանակ սեր անելուց հետո ննջել էին կապուտաչյա
ծաղիկները։ Ծաղկել էին խնձորենիները,պապիս այգին նմանվել էր դրախտավայրի,կարծես մի
թանկարժեք կտավ լիներ։Տատս այնպես էր խնամում ծառ ու ծաղիկները,կարծես իր երեխաներին
խնամելիս լիներ,խոսում էր նրանց հետ և ամենազարմանալին այն էր,որ կարծես ծառերն ու
ծաղիկները լսում էին տատիս։Այդ գարունը տատիս վերջին գարունն էր,մահվան առավոտը,տատս
մտել էր այգին և ժամերով խոսում էր իր բնության հրաշալիքների հետ(երևի կարոտն էր առնում
և հրաժեշտ տալիս),այդ առավոտ ես նկատեցի,թե ինչպես էր նա թաքուն լաց լինում ,արագ սրբում
էր թաշկինակով արցունքները,որ չնկատենք,երբ հարցրի նրան,թե ինչու՞ է լած լինում,ասաց.՝
–Լաց չի բալես,ծերություն է,սա էլ կանցնի…
Տատս մահացավ…Նրա այգում մեռելային լռություն էր,այգին
չէր բուրում,նրա հետ մեռավ բնությունը,նա տարավ իր հետ իր սիրելի այգու բույրը։Այդ
օրը երկինքը այնքա՜ն պարզ էր,ջինջ և արևոտ,պապս նայեց երկնքին,ժպտաց,կրթքին սեղմեց
տատիս թաշկինակը և շրջվելով դեպի ինձ ասաց.՝
–Անու՜շս,իմ քաղցր բալա,տատիդ թաշկինակն է,պետք է խնամքով
պահեմ,թե չէ ,գիտե՞ս ,կբարկանա նախշունս,էս թաշկինակի մեջ իր բույրն է ,մատների բույրն
է բալես,տես ժպտում է նախշունս,–մատով ցույց տվեց արևին,որը սովորականից ուժեղ էր այրում
և կարոտ արտաշնչելով շարունակեց,–իրեն լավ է զգում իմ սիրունը,լավ կզգա,բա ինչ կանի,բիձուն
անտեր թողեց,գնաց մենակ վայելի մեր դրախտը,–ավարտելով խոսլը,ձեռքերով հարվածեց ծնկներին
և թաց աչքերով նայեց արևին։
–Պապի,զարմանալի է,այսօր անձրև էր սպասվում,բայց արև
է ,այն էլ այսքան ուժգին և ջերմ,–փորձեցի շեղել պապիս,նա ժպիտով նայեց ինձ ,հետո երկնքին
և պատասխանեց՝
–Այն օրը ,երբ տատիդ ու ես կհանդիպենք ,այդ օրն էլ անձրև
կգա բալես,իսկ մինչև այդ արև է լինելու։
–Այսի՞նքն պապի, –չհասկանալով,թե պապս ինչ նկատի ուներ,հարցրի
ես։
–Բալես,երբ սիրահարները երկար բաժանումից հետո հանդիպում
են,ի՞նչ են անում, –ծիծաղելով շարունակեց նա։
–Դե՜,զրուցում են,գրկախառնվում,–անկախ ինձանից շփոթվեցի
պապիս տված հարցից ,իսկ նա նայեց ինձ և ծիծաղելով պատասխանեց
–Դեռ ջահել ես անուշս,չես հասկանում,այ ,երբ կսիրես
և սիրածդ երկար բաժանումից հետո մոտդ կգա,աչ,այդ ժամանակ էլ կհասկանաս,թե ինչ են անում,հիմա
գնա մի բաժակ ջուպ բեր,կոկորդս չորացավ։
Այդպես էլ չհասկանալով պապիս,գնածի ջուր բերելու։Տատիս
մահվանից մի քանի շաբաթ անց մահացավ պապս,մեզ համար շատ անսպասելի,քնեց և այլևս չարթնացավ,պապիս
երեսին ժպիտ կար,երևի երազին տատիս էր տեսել,տատիս թաշկինակն էլ ամուր սեղմած էր ափի
մեջ։Տատիս մահվանից հետո,ինչպես պապս էր ասել անձրև չեկավ այդպես էլ,իսկ նրա մահվան
օրը,երկինքը անդադար անձրևեց։Այդ օրը ես հասկացա,թե պապս ինչ նկատի ուներ ասելով,որ
անձրև կգա միայն այն օրը,երբ ինքն ու տատին հանդիպեն։Ես հասկացա ,որ երկինքը տխուր
չի լինում,որ անձրևը դա լաց չէ,այլ երկու խենթ սիրահարների կարոտից ծնված տաք սիրո
նեկտարն է։Հասկացա նաև,որ ծերությունը դա կյանքի ավարտը չէ,այլ մի նոր հավերժության՝հավերժ
գարունների սկիզբը…
Երա՜նի ես էլ այդպես ծերանամ…
Անի Հերունի Սաջյան