<<Իմ աղոթքները ՝երկինքը գիտի>>
Մինչ դուք ձեր գիշերներն եք թաղում ուրիշ երկնքում,
Եվ ապրում արբունք լուսնի տաք գրկում,
Իմ երկնքի տակ լու՜ռ մահանում է՝աստղը վերջին։
Մինչ դուք ձեր մարմիններն եք ծախում՝փոշոտ բուլվարում,
Եվ օտար՝ախտոտ շուրթեր համբուրում,
Իմ որբ մարմինը ցրտից սառում է
Եվ միայնության օրերն է հաշվում։
Մինչ ձեր կառուցած սուտ եկեղեցում
ամենօր վառվում են ՝մեղքով լի մոմեր,
Իմ Աստծո տանը լու՜ռ աղոթում է՝իմ հույսը վերջին՝կառուցելով
փրկության դռներ։
Մինչ ամեն վայրկյան ձեր աստվածները խաչին են հանում՝անմեղ
մարմիններ
եվ հարյուրավոր սուտ Բարաբաներ՝տոնում են իրենց հաղթանակը՝կեղծ,
Իմ երկնքի տակ՝աշխարհը մեջքին՝
լու՜ռ խաչն է ելնում ՝Հիսուսը վերջին։
Մինչ ձեր մեղսավոր սատանի ծոցում՝սրբադիմակ լրբերը՝աստղեր
են վիժում,
Իմ կապույտներում՝կարոտն աչքերին՝օվկիանն են նետվում՝կույս
Մարիամները՝աղոթքն շուրթերին։
Մինչ դուք ամենօր արյուն եք լափում,
եվ գողանում եք որբի ձեռքերից՝հացը իր վերջին,
Իմ փողոցներում լու՜ռ մահանում է՝մայրական սիրտը՝որդոց
բերանին։
Մինչ դուք ամեն անկյունում սուտ աղոթում եք ձեր աստվածներին,
Եվ ուժգին գոռում,որ ձայնը հասնի,
Իմ տան պատերը կարոտ են լալիս,
Իմ աղոթքները ՝երկինքը գիտի։
Մինչ դուք ձեր ձեռքով փորում եք փոսը՝ձեր գերեզմանի,
Ես արդեն վաղու՜ց գտել եմ տունն իմ՝իմ հավերժության։
Անի Հերունի Սաջյան
<<Ծերությու՜ն>>
Եվ անցնում են գարուննե՜րը կյանքիդ,
Վարսերդ ճերմակով ծածկվում,
Փաթիլներն իջնում են,փարվում հոգնա՜ծ կոպերիդ,
Եվ կնճիռներ երեսիդ նկարում…
****
Եվ ճոճվում են ճյուղերդ ծառի,
Բայց ամու՛ր է արմատը նրա,
Եվ թո՛ղ կորչի,այդ անիծված քամին,
Ծերությունդ մի քիչ էլ ուշանա…
****
Եվ որքա՜ն էլ քամին այդ սուլի,
–Ծերությու՜ն,–ականջիդ շշնջա,
Պա՜պ,այդ հիմա՛ր քամին,չգիտի,
Նրա երգերին դու մի՛ հավատա…
****
Այդ քամին չգիտի,դեռ որքա՜ն,
Դեռ որքա՜ն ամառներ կգան,
Թեկուզ և գարուններդ անցնեն,
Ամառներդ հավերժ կմնան:
****
Կարևեն դաշտերդ նորից,
Ծառերդ պտուղներ կտան,
Հոգիդ կերգի պա՜պ,սիրուց,
Թեկուզ վարսերդ ձյունոտ մնան…
Անի Հերունի Սաջյան
<<Վերածնունդ>>
Տե՜ր,նկարիր վրձնով քո՛ ճերմա՜կ երկինք իմ սև կտավին,
Նկարիր արև և մի՜ պատուհան,
Ասեղնագործիր արևաշողեր ծե՜ր պատուհանին,
Եվ մի՜ բուռ կարոտ հողին խառնելով պատկերիր գետնին,
Եվ երկու կաթիլ աչքիդ մեռոնից կաթեցրու վրան,
Օծիր մեղրաբույր քո ծաղիկներով մոռացված այգիս,
Եվ աստղաթափիր գիշերները իմ,որ երազներս իրականանան,
Լուսնիդ թելերից մի ծածկոց հյուսիր և կարիր մարմնիս.
Իմ որբ մարմնին՝կարո՜տ տաքության,
Տե՜ր,այսօր քեզ առ հոգիս,թույլ տուր մահանամ քո տա՜ք
ափերի ծակոտկիներում,
Թույլ տուր քուն մտնեմ քո թա՜ց կոպերում,
Այսօր մարմինն իմ թող զոհաբերեմ,
Լինեմ քո գառը զոհասեղանին,
Մեղքերս քամիր,որ մաքրագործվեմ։
Տե՜ր, նկարիր վրձնով քո՛՝ճերմա՜կ երկինք իմ սև կտավին,
Նկարիր աչքեր և մի՜ ծիածան,
Վարսերս հյուսիր նրա թելերով,
Եվ լու՜ռ անձրևիր սառը կոպերիս,
Ափիդ մեջ սեղմիր ափս որբացած,
Եվ ճամփան ցույց տուր քո հավերժության։
Նկարիր,Տեր իմ,նկարիր երկինք,
Նկարիր արև և մի պատուհան,
Ջնջիր երեկն իմ այս սև կտավից,
Եվ արևաշող վրձնիդ թելերով ասեղնագործիր կանա՜չ ապագան,
Որտեղ անհաշիվ մահերից հետո,
Կծնվեմ նորից՝քո՜ ծիածանից։
Անի Հերունի Սաջյան
<<Ու՞ր էիր Աստված>>
Ու՞ր էիր Աստված,
Երբ Ադամորդիդ արյամբ շաղախված՝
Իր խիղճը թաղեց մեղքերի հորում։
Երբ լիրբը՝ իր սուրբ
դիմակը հագած,
Կեղծ քունը գտավ սատանի ծոցում։
Ու՞ր էիր Աստված,
Երբ անմեղներին խաչը հանեցին,
Իսկ չարը տիրեց դավաճան
հոգուն,
Երբ Հուդաները կախաղան
հելան՝
Հավասար դարձան անմեղ մեռյալին։
Դու՛, որ կյանքը տվիր՝
կույսդ մայրացավ,
Ո՞ւր էիր , երբ որդիդ իր խաչը ելավ։
Ինչու՞ կյանք տվիր,
թե պետք է տանեիր,
Ինչու՞ թույլ տվիր,
որ որդիդ զոհվի,
Երբ ինքդ էլ գիտեիր,
Որ մարդկությունը փրկություն
չունի։
Օ՜, ինձ ողորմի՛ր ամենակարող,
Ու՞ր ես հայտնվիր, ո՞ւր ես տեր Աստված,
Երբ որդիդ կրկին քո
կարիքն ունի։
Անի Հերունի Սաջյան
<<Մեզանից
հետո >>
Մեզանից հետո հազարներ կգան,
Կգան ու կանցնեն ժամանակի հետ,
Մեզանից հետո հազար աղոթքներ,
Կասվեն,կհալվեն մոմի շթի հետ։
Մեզանից հետո դեռ բազում սերեր՝
Կանձրևեն լու՜ռ պատուհանի տակ,
Մեզանից հետո դեռ կասվեն բառեր՝
Կես լուրջ ,կես կատակ։
Մեզանից հետո հազար գիշերներ
Եվ այդքա՜ն սպասված մի գիշեր սիրո,
Մեզանից հետո դատարկված պատեր,
Որտեղ կապրեն ստվերները խենթ՝իմ և քո…
Մեզանից հետո հազարներ կգան,
Կգան ու կանցնեն ժամանակի հետ,
Մեզանից հետո դեռ կապրեն մարդիկ,
Իսկ մենք եկ այսօրը մեր բաց չթողնենք,
Եկ այսօր լինենք այն մի գիշերում,որ մեզ է տրված,
Եկ այսօր խենթ սիրուն տրվենք,
Որ վաղը՝մեզանից
հետո հազա՜ր–հազա՜ր սերունդներ թողնենք։
Անի Հերունի Սաջյան
Դերս ավարտվեց…
Չփնտրե՛ք դուք ինձ,
Ես այնտեղ եմ,որտեղ աստղերն են մեռնում՝լու՜ռ հավերժության նվագի ներքո,
Որտեղ չկա՛ մենք,չկա՛ ես ու դու,չկա՜ իմ և քո։
Ես այնտեղ եմ,որտեղ երկնային իժը վաղու՜ց վիժել է իր միակ որդուն՝կեղծ սատանային,
Որտեղ չկա՛ օր,չկա՛ ժամանակ,
խաչել են վաղու՜ց՝սև ժամագործին։
Ես այնտեղ եմ,որտեղ «սուրբ» պոռնիկները՝վաղու՜ց այրել են կեղծ դիմակները,
Որտեղ չկա՛ փող,ո՛չ հաճույք,ո՛չ կյանք,
և վաղու՜ց փթթել են ժանտախտով հիվանդ՝փուջ մարմինները։
Ես այնտեղ եմ՝ի՜մ հորինվածքում,
Որտեղ կորցրել եմ մահվանս ճամփան և մոռացել եմ,թե ոնց են ծնվում,
(Չե՛մ ուզում ծնվել)
<<Այսօր>>
Այսօր կիրակի է,
Լվացք պիտ անեմ,
Հոգիս կգցեմ պատուհանիս մաշված ուսերին,
և մի ճյուղ կպոկեմ չորացած ծառից՝ծեր այգեպանի,
և հարվածներով կմաքրեմ փոշուց հին քաղաքների,
հետո կգցեմ ծովը վարարած,
որ սևը մաքրի հոգուս թելերի,
և կախ կտամ երկնի պարանից,
(ցավաջրերը քամին կքամի),
թող մնա այնտեղ մինչև լուսաբաց,
որ առավոտյան նորից պիտ կարեմ մարմնիս որբացած…
Անի Հերունի Սաջյան
<<ԵՍ ԿԱ՛Մ>>
ԵՍ ԿԱ՛Մ ներսերում քո գիշերների,ուր ամեն գիշեր թաքուն
աշխարհից երկինքն իր
գիրկն է առնում աստղերին և կարոտ լալիս։
ԵՍ ԿԱ՛Մ պատերում քո որբ տանիքի,որտեղ օդը դեռ բուրում
է կաթով և լռության մեջ այդ մեռելային՝անունդ տալիս և կանչում քեզ՝մա՜մ։
ԵՍ ԿԱ՛Մ մայթերում քո հին քաղաքի,որտեղ թաց հողի վրա
դեռ երևում են քերծված ծնկներս և դեռ սպասում է ափս քո ափին,իսկ բաց վերքերս տա՜ք համբույրներիդ,
—Փչի՜ր վերքերիս,որ է՜լ չցավեն,որ է՜լ չցավեն վերքերս՝մա՜մ։
ԵՍ ԿԱ՛Մ աչքերում այն անծանոթի՝ով հաց է մուրում,
Ում ամեն անգամ գումար ես տալիս և ուզում գրկել,
Եվ ամեն անգամ նորեն զարմանում,թե սիրտդ ինչու՞ է ներսից
քեզ սեղմում։
ԵՍ ԿԱ՛Մ մա՜մ,
ԵՍ ԿԱ՛Մ,ես ապրում եմ դեռ,
Ես ապրում եմ դեռ քո երազներում,որտեղ երկինքդ անաստված
չէ և չի կորցրել իր վերջին խիղճը՝դեռ չի մահացել,
Որտեղ առավոտներդ արևոտ են դեռ ՝սևաչյա ծովում դեռ չեն
խորտակվել և չեն մոռացել ինչպես են ծնվում։
ԵՍ ԿԱՄ…
Անի Հերունի Սաջյան
Ասո՜ւմ են հրաժեշտ տալիս սիրահարները մի վերջին անգամ գրկախառնվում են՝
երկու մարմիններ ձուլում են իրար
և ազատություն շուրթերին տալիս։
Ասու՜մ են սիրահարները երբեք չեն լռում,
հրաժեշտ տալիս մեղմիկ ժպտում են,
սիրո խոսքեր են իրար նվիրում,
երկնքի աչքերը փակելով մուգ վարագույրով ,
սեր են պատկերում տան մերկ պատերին,
և լուսնին դարձնում գիշերասպան։
Ասու՜մ են հրաժեշտ տալիս սեր,սեր ու սե՜ր,
գրկախառնությու՜ն,
նորից մեկ համբույր կարոտ շուրթերի,
և երկա՜ր գիշեր,
Ասո՜ւմ են…,
իսկ ես հիշում եմ՝
դրսում ձմեռ էր,
անսե՜ր լռություն,
լեզուս պատել էի հավերժության թունոտ նեկտարով,
որ ինձ չմատնի,
իսկ ինքս խեղդվել չասված բառերի խո՜ր հորձանուտում։
Ձմե՜ռ,լռությու՜ն,
մի պահ միացա հին մեռելներին,
որոնց չեն հիշում,
հետո շնչեցի՜ր,
մի բուռ օդ առա թոքերս քաղցած՝
վերածնվեցի՜։
Հիշեցի՝ասում էին սիրահարները հրաժեշտ տալիս գրկախառնվում են հազարումեկ գիշեր և դեռ ավելի՜,
իսկ մեր գրկախառնումը տևեց տասներկու վայրկյան և ոչ ավելի՜,
(այո՛,հաշվել եմ),
ասում էին հրաժեշտ տալիս սիրահարները ազատություն էին շուրթերին տալիս,
իսկ ես հիշում եմ՝մեղմիկ ժպտացիր,
ճամփաս օրհնեցիր,
ճակատս լու՜ռ համբույր տալով,
վերջին անգամ մեջքս գրկեցիր
և ոչի՜նչ չասացիր։
Ասում էին սիրահարները երբեք չեն լռում,
իսկ ես հիշում եմ ՝մեր լռությունը,
հավերժ բանտարկված չասված բառերի մու՜թ լաբիրինթում,
և հիմա՛,այսօ՛ր,և գուցե վաղը ես վստահ ձայնով ուզում եմ գոռալ
ի լուր աշխարհի,
մեր սերն ավելին է,
ավելին՝«սիրում եմ քեզ»բարձր գոռացող,
սիրուց՝սիրահարների։
Անի Հերունի Սաջյան