Ասո՜ւմ են հրաժեշտ տալիս սիրահարները մի վերջին անգամ գրկախառնվում են՝
երկու մարմիններ ձուլում են իրար
և ազատություն շուրթերին տալիս։
Ասու՜մ են սիրահարները երբեք չեն լռում,
հրաժեշտ տալիս մեղմիկ ժպտում են,
սիրո խոսքեր են իրար նվիրում,
երկնքի աչքերը փակելով մուգ վարագույրով ,
սեր են պատկերում տան մերկ պատերին,
և լուսնին դարձնում գիշերասպան։
Ասու՜մ են հրաժեշտ տալիս սեր,սեր ու սե՜ր,
գրկախառնությու՜ն,
նորից մեկ համբույր կարոտ շուրթերի,
և երկա՜ր գիշեր,
Ասո՜ւմ են…,
իսկ ես հիշում եմ՝
դրսում ձմեռ էր,
անսե՜ր լռություն,
լեզուս պատել էի հավերժության թունոտ նեկտարով,
որ ինձ չմատնի,
իսկ ինքս խեղդվել չասված բառերի խո՜ր հորձանուտում։
Ձմե՜ռ,լռությու՜ն,
մի պահ միացա հին մեռելներին,
որոնց չեն հիշում,
հետո շնչեցի՜ր,
մի բուռ օդ առա թոքերս քաղցած՝
վերածնվեցի՜։
Հիշեցի՝ասում էին սիրահարները հրաժեշտ տալիս գրկախառնվում են հազարումեկ գիշեր և դեռ ավելի՜,
իսկ մեր գրկախառնումը տևեց տասներկու վայրկյան և ոչ ավելի՜,
(այո՛,հաշվել եմ),
ասում էին հրաժեշտ տալիս սիրահարները ազատություն էին շուրթերին տալիս,
իսկ ես հիշում եմ՝մեղմիկ ժպտացիր,
ճամփաս օրհնեցիր,
ճակատս լու՜ռ համբույր տալով,
վերջին անգամ մեջքս գրկեցիր
և ոչի՜նչ չասացիր։
Ասում էին սիրահարները երբեք չեն լռում,
իսկ ես հիշում եմ ՝մեր լռությունը,
հավերժ բանտարկված չասված բառերի մու՜թ լաբիրինթում,
և հիմա՛,այսօ՛ր,և գուցե վաղը ես վստահ ձայնով ուզում եմ գոռալ
ի լուր աշխարհի,
մեր սերն ավելին է,
ավելին՝«սիրում եմ քեզ»բարձր գոռացող,
սիրուց՝սիրահարների։
Անի Հերունի Սաջյան